Ուելսի արքայադուստր Քեթրինը քիմիաթերապիայի կուրսն ավարտելուց հետո Վինձորի ամրոցում իր առաջին աշխատանքային հանդիպումն է անցկացրել Ուելսի արքայազնի ու արքայադստեր թագավորական հիմնադրամի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը:
«Ուելսի արքայադուստրը և Ուելսի արքայազնի ու արքայադստեր թագավորական հիմնադրամն այսօր կեսօրին հանդիպում են անցկացրել Վինձորի ամրոցում», – ասվում է թագավորական ընտանիքի գրասենյակի կողմից սեպտեմբերի 17-ին տարածված հայտարարության մեջ:
Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։
Sky news-ն իր հերթին նշում է, որ Ուելսի արքայազնի և արքայադստեր կողմից հիմնադրված կենտրոնը, որը զբաղվում է մինչև հինգ տարեկան երեխաներին և նրանց ծնողներին աջակցելու հարցերով, արքայադստեր բարեգործական գործունեության կարևոր բաղադրիչն է։
Ավելի վաղ սեպտեմբերին հաղորդվել էր, որ արքայադուստրը քիմիաթերապիայի կուրս է անցել և առաջիկա ամիսներին կվերադառնա հանրային առանձին պարտականությունների կատարմանը։
Մարտին Ուելսի արքայադուստրը հայտարարել էր, որ բուժման կուրս է սկսել քաղցկեղի դեմ։ Արքայադուստրն իր ախտորոշման մասին այլ տվյալներ չի հաղորդել։
Այս տարի ավելի վաղ քաղցկեղ էր ախտորոշվել Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի մոտ:
Քեյթ Միդլթոնը ծնվել է 1982 թ. հունվարի 9-ին Ռեդինգում։ 2011 թ. նա ամուսնացել է Մեծ Բրիտանիայի ներկայիս թագավորի ավագ որդու՝ արքայազն Ուիլյամի հետ՝ դառնալով Քեմբրիջի դքսուհի։ Եղիսաբեթ II թագուհու մահից հետո նա ստացել է Ուելսի արքայադստեր տիտղոսը, քանի որ նրա ամուսինը դարձել է թագաժառանգ։