Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավոր երիտասարդներին՝ ուղեկցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի:

Կամավորական աշխատանքների համար հավաքագրվել է շուրջ 120 երիտասարդ՝ «Համահայկական կամավորական միություն» ՀԿ-ից, ՀԵՀԵՄ-ի և Հայաստանի տարբեր թեմերի եկեղեցասեր երիտասարդաց միություններից:

Հանդիպմանը Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման Արարողակարգային հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկություններ փոխանցեց սրբազան արարողությունների ընթացքում երիտասարդների կողմից իրականացվելիք աշխատանքների մասին։

Այնուհետև հայորդիներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրորեն գնահատելով նրանց պատրաստակամությունը հայ ժողովրդի և Եկեղեցու համար պատմական իրադարձությունների կազմակերպչական աշխատանքներին իրենց կամավոր մասնակցության համար։ Այս առնչությամբ Հայոց Հովվապետը կարևորեց Եկեղեցու առաքելության գործում երիտասարդների դերը՝ հորդորելով բարձր գիտակցությամբ, պատասխանատվության մեծ զգացումով և պատշաճորեն իրականացնել Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ընթացքում իրենց պարտականությունները։

Վեհափառ Հայրապետը կամավորների հետ զրուցեց նաև հոգևոր կյանքի նկատմամբ ուշադրության, եկեղեցասիրության, աղոթական կյանքով ապրելու անհրաժեշտության և մեր սուրբ հայրերի կերտած ազգային ու հոգևոր արժեքներին հաղորդ դառնալու կարևորության մասին։

Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։




Լրահոս