ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԲԱՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՍԴ նոյեմբերի15-ին կայացրած վերջին որոշումը, ըստ էության, կարող է բեկում մտցնել ոչ միայն լրատվամիջոցների դեմ ներկայացված հայցերի քննության գործերում, այլեւ արդեն իսկ կայացված վճիռների դեպքում: Ավելին, հոկտեմբերի 26-ին ԱԺ-ի ընդունած ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո այն թերթերը, որոնց նկատմամբ արդեն իսկ կա կայացված եւ ուժի մեջ մտած դատական վճիռ, կարող են դիմել Վճռաբեկ դատարան:
Բանն այն է, որ այսօրվանից արդեն իսկ ուժի մեջ են մտել ՀՀ ՍԴ օրենքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց` ՍԴ օրենքի 69 հոդվածի 12-րդ մասն այսուհետ ունի հետեւյալ տեսքը. «Սույն հոդվածում նշված գործերով` դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող եւ միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով»:
Այսինքն` եթե անգամ ՍԴ-ն մի կողմից սահմանադրական է ճանաչել օրենքի վիճարկվող դրույթը, բայց նաեւ իր որոշման մեջ տվել է օրենքի մեկնաբանությունները, նշել` ինչպես պետք է այն կիրառել, նոր հանգամանքների ի հայտ գալու հիմքով վճիռը հնարավոր է բողոքարկել Վճռաբեկ դատարանում: Նոյեմբերի 15-ին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի վերաբերյալ ՍԴ-ն հենց նման որոշում է կայացրել: Մի կողմից ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել օրենքի 1087.1 հոդվածը, բայց նաեւ հստակ մեկնաբանություն տվել, թե ինչպես պետք է այն կիրառել: ՍԴ որոշումները, ինչպես հայտնի է, վերջնական են, բողոքարկման ենթակա չեն, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Եւ ՍԴ-ն իր որոշման մեջ, ի թիվս այլ մեկնաբանությունների, նշել է, որ նյութական փոխհատուցում նշանակելիս պետք է պատշաճ կերպով հաշվի առնվի արտահայտվելու ազատության վրա դրանց հնարավոր սահմանափակող ազդեցությունը: ՍԴ-ն նաեւ նշել է, որ առավելագույնս պետք է սահմանափակել նյութական փոխհատուցումը ու դա նշանակել միայն այն դեպքում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար: Ընդ որում, ՍԴ-ն նշում է, որ տուգանք նշանակելիս պետք է հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար: Այլ կերպ ասած` ՍԴ-ն պահանջում է այնպիսի տուգանք սահմանել, որը չի սննկացնի պատասխանողին:
Լրատվամիջոցների նկատմամբ մինչեւ հիմա կայացված վճիռների դեպքում դատարանները գործել են ՍԴ այս մեկնաբանություններին հակառակ, եւ որպես պատիժ լրատվամիջոցների համար սահմանել են տուգանքի` օրենքով նախատեսված առավելագույն չափը: Այլ կերպ ասած` կայացված դատական ակտերը չեն բխել ՍԴ որոշումից: Ու քանի որ մինչ այս Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը կիրառվել է ՍԴ մեկնաբանություններին ոչ համապատասխան, ընդ որում, առաջացնելով բավական ծանր հետեւանքներ, ուստի կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել: Առավել եւս, որ ՀՀ դատական օրենսգիրքն էլ նախատեսում է Վճռաբեկ դատարանի իրավասությունները: Մասնավորապես,  Դատական օրենսգրքի 50-րդ հոդվածը նշում է, որ Վճռաբեկ դատարանում վերանայում են վարչական ու վերաքննիչ դատարանների ակտերը: Եւ բողոքն ընդունում է քննության, եթե Վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեuակ կիրառության համար:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով ԱԺ-ում ժամանակին ներկայացրել է արդեն իսկ ընդունված ՀՀ ՍԴ օրենքում փոփոխությունները, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ապրիորի լրատվամիջոցները կարող են բողոքարկել արդեն իսկ կայացված վճիռները, քանի որ օրենքը թույլ է տալիս նման հնարավորություն: Մնում է, փաստորեն, իրավաբանները նախաձեռնեն այդ գործընթացը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս