Բեյրութի արվարձաններում և Լիբանանի հարավում գրանցվել են «Հըզբոլլահ» շարժման անդամներին պատկանող կապի միջոցների պայթելու նոր դեպքեր: Այդ մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ տեղեկացնելով առնվազն 6 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին:
Պայթյուններից մեկը որոտացել է նախորդ օրը փեյջերների պայթելու հետևանքով զոհված չորս մարդկանց հուղարկավորության ժամանակ: Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առնվազն մեկ պայթյուն տեղի է ունեցել Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանում: Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ այս անգամ պայթել են շարժական ռադիոկայաններ (ռացիաներ), որոնք «Հըզբոլլահ»-ը ձեռք է բերել հինգ ամիս առաջ՝ մոտավորապես նույն ժամանակահատվածում, ինչ նախորդ օրը պայթած փեյջերները։
Սեպտեմբերի 17-ին Լիբանանի տարբեր շրջաններում գրեթե միաժամանակ պայթել էին «Հըզբոլլահ» շարժման անդամներին պատկանող փեյջերները: Դրա արդյունքում զոհվել էր 12, տուժել՝ մոտ 4 հազար մարդ: Զոհվածների թվում են երկու երեխաներ:
«Հըզբոլլահ»-ն այդ գործողության համար մեղադրել է Իսրայելին՝ խոստանալով վրեժխնդիր լինել: Իսրայելական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել միջադեպը։ Axios պարբերականը հղում կատարելով իր աղբյուրներին՝ գրել է, որ գործողությունը հաստատվել է շաբաթվա սկզբին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասնակցությամբ կայացած խորհրդակցությունների ընթացքում, իսկ ԱՄՆ-ը տեղյակ չի պահվել այդ մասին։