Էստոնիայի կառավարությունը մինչև 2031 թվականը 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության սպառազինության համակարգերի համար զինամթերք ձեռք բերելու նպատակով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատար Անդրուս Մերիլոյին։
«Երեքշաբթի օրը (սեպտեմբերի 17-ին) Էստոնիայի կառավարությունը խոստացել է 1,6 միլիարդ եվրո հատկացնել մի քանի տարվա ընթացքում մեծ հեռահարության սպառազինության համակարգերի համար զինամթերքի ֆինանսավորման նպատակով», – Helsingin Sanomat թերթին տված հարցազրույցում ասել է Մերիլոն։
Գլխավոր հրամանատարը կարծում է, որ առաջիկա երեքից հինգ տարիները Բալթիկ ծովի տարածաշրջանում վճռորոշ կլինեն հնարավոր ռազմական սադրանքների առումով։
«Մոտ ապագայում վտանգը, հավանաբար, կաճի: Եթե մենք ճիշտ գործենք, ապա սպառնալիքը կսկսի նվազել, կամ մենք կհարմարվենք այն փաստին, որ անվտանգության մի փոքր ավելի լուրջ սպառնալիքն արդեն նոր նորմալ իրավիճակ է», – ասել է Մերիլոն: