ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԱԺ-ՈՒՄ Է ԱՆՑԵԼ. ՀԱՆՑԱ՞ՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ աշխատակազմի ղեկավարը ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. հանցա՞նք

 

ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, նշանակվելով ՀՀ բարձր պաշտոնի, որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել իր ղեկավարած հիմնարկությունում, ինչը, ըստ մասնագետների, քրեական բնույթի հանցագործություն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ստացավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը խիստ արտոնյալ պայմաններում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ուսանել. դասապրոցեսներին գրեթե չի մասնակցել, քննությունները հանձնել է արտոնյալ կարգավիճակով, եւ անգամ համակուրսեցիները չեն հիշում նրան կամ դժվարությամբ են մտաբերում՝ որպես ուսանողի: Դե իսկ ուսումնական պրակտիկան էլ անցել է հենց նույն Ազգային ժողովում, որտեղ աշխատակազմի ղեկավար է:

Այս տեղեկությունները փորձեցինք նախ ճշտել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից: Սակայն Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը մոտ 2 էջ հիմնավորում ուղարկեց, որ բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Առաքելյանի ուսումնական գործընթացի մասին որեւէ տեղեկություն չի կարող տրամադրել, քանի որ դրանք անձնական տվյալներ են: Բայց հանրային շահն այստեղ առավել կարեւոր է. ուստի «Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես միշտ, առաջնորդվում է հանրային շահով: Հարցաշար ուղարկեցինք նաեւ Ազգային ժողով՝ Դավիթ Առաքելյանից հետաքրքրվելով՝

«1. ի՞նչ առաջադիմությամբ եք սովորել ԳԱԱ-ում

  1. ի՞նչ հաճախականությամբ եք մասնակցել դասապրոցեսներին
  2. որքա՞ն եք բացակայել դասաժամերից եւ ի՞նչ հիմնավորմամբ են դրանք հարգելի համարվել
  3. մագիստրոսական թեզի պաշտպանությունն ինչպե՞ս է անցել, ո՞վ կամ ովքե՞ր են ղեկավարել Ձեր թեզը
  4. ո՞րտեղ եք անցել ուսումնական փորձառությունը (պրակտիկան) եւ ո՞ւմ ղեկավարմամբ
  5. ուսումնական փորձառության (պրակտիկա) ի՞նչ արդյունք եք գրանցել»:

 

Այս հարցերին պատասխանել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանը՝ հայտնելով, որ Դավիթ Առաքելյանն իր ուսումնական պրակտիկան անցկացրել է ԱԺ-ում, իսկ մյուս հարցերին խուսափել է պատասխանելուց՝ թերեւս ասելիքի բացակայության կամ իրականությունը թաքցնելու հիմքով:

 

Նկատենք, որ Դավիթ Առաքելյանի պաշտոնի անձնագրով նա պարտավոր է ամեն օր ներկայանալ աշխատանքի, եւ անհասկանալի է, թե ինչպես է այդ դեպքում համատեղել իր կարեւոր աշխատանքը ուսումնական պրոցեսի հետ:

 

Ի՞նչ է նշանակում լինել ԱԺ աշխատակազմի ղեկավար եւ ուսումնական պրակտիկան անցնել հենց ԱԺ-ում:

Բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս երեւույթը համարեց «կրիմինալ խնդիր»:

«Եթե մարդ դասի չի գնում եւ ավարտում է, օրինախախտում է», – նշեց նա:

 

Մենք հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ պահանջելով պարզաբանել, թե այս որակի կրթությանը ի՞նչ գնահատական ունի պետական գերատեսչությունը: Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք:

Իսկ հիմա Դավիթ Առաքելյանի մասին՝ ով է նա, ինչ անցյալ ունի:

Նախ նկատենք, որ նրա կենսագրությունը հրապարակված չէ ԱԺ կայքում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ լրատվական ծառայությունից ուղարկել են Առաքելյանի կենսագրությունը, որը, մեղմ ասած, աղքատիկ է. 32 ամյա Առաքելյանի աշխատանքային կենսագրությունը սկսվում է 2019 թվականից՝ 27 տարեկանից: Նա տարեսկզբից աշխատանքի է անցել ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի գրասենյակում՝ որպես փորձագետ, թեեւ, ըստ դիպլոմի, գյուղատնտեսական հումքի, պարենամթերքի ստանդարտացման մասնագետ է, եւ անհասկանալի է, թե նախ, ինչպես է փորձագետ նշանակվել, եթե կյանքում որեւէ աշխատանքի փորձառություն չի ունեցել, ապա նաեւ, թե ինչով է զբաղվել Ալեն Սիմոնյանի գրասենյակում: Բայց Առաքելյանը նաեւ ունեցել է մասնագիտական առաջխաղացում եւ 2 տարի անց դարձել է ԱԺ նախագահի օգնական: Մոտավորապես 1.5 ամիս աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, երբ Ալեն Սիմոնյանը փոխարինում էր ՀՀ նախագահին, այնուհետեւ նախորդ տարվա փետրվարից մինչ օրս աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն է:

Այսինքն՝ Դավիթ Առաքելյանը հեղափոխական իշխանության տիպիկ ներկայացուցիչ է. մինչ 2018 թվականը անգործ է եղել, բայց Ալեն Սիմոնյանի շտաբում ինքնադրսեւորվելուց հետո կյանքը գլխիվայր շուռ է եկել:

 

 

 

 

 

Մինչ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ ձեւավորված Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը զբաղված է Մայր օրենքի հիմնական դրույթների փոփոխությամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից պնդում են՝ Սահմանադրությանն առնչվող հարցերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործը: «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու, թե ինչ փուլում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչ ժամկետում են կողմերը պատրաստվում ստորագրել փաստաթուղթը, ինչպես նաեւ հետաքրքրվել էինք՝ հայկական կողմը պատրաստվո՞ւմ է կատարել արդյոք Ադրբեջանի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը, որը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական նախապայմանն է համարում Իլհամ Ալիեւը: ՀՀ ԱԳՆ-ից, մեր հարցին ի պատասխան, հայտնել են. «ՀՀ Սահմանադրությանն առնչվող հարցերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործը»: Այսինքն՝ մի կողմից արդարադատության նախարարի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այս օրերին նիստեր է անում, քննարկում Մայր օրենքը փոփոխելու հարցը, մի կողմից էլ ՀՀ ԱԳՆ-ից պնդում են, որ դա Ադրբեջանի նախապայմանը չէ: Ինչ վերաբերվում է բանակցությունների վերաբերյալ հարցերին՝ ԱԳՆ-ից հերթական անգամ խուսափողական պատասխան են տվել. «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի շրջանակներում հանրայնացման ենթակա տեղեկատվությունը պատշաճ կերպով եւ ողջամիտ պահանջներով տրամադրվում է հանրությանը»:

 

 

 

 

 

 

Նորելուկ օլիգարխ Նարեկ Նալբանդյանից բացի, նաեւ Դավիթ Երեմյանին պատկանող բոլոր բիզնեսներն են դարձել արտոնյալ՝ ստանալով պետական ամենամեծ աջակցությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ բացի միջոցառումների համար պետական կառույցներին սնունդ մատուցելու ծառայությունից, Երեմյաններն իրենց ախորժակը մեծացրել են նաեւ Ամուլսարի, Թեղուտի եւ Սոթքի հանքերում սննդի ապահովման գործընթացի մասով։ Բանն այն է, որ հանքերի աշխատանքների վերսկսման հետ մեկտեղ պայմանագրեր են կնքվել հանքերի աշխատակիցների սնունդը «Երեմյան Փրոջեքթսի» կողմից ապահովելու համար։

Տեղեկության երկրորդ կողմին լսելու համար «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տնօրեն Դավիթ Երեմյանին՝ խնդրելով ասել, որ եթե տեղեկատվությունը ճիշտ է, ապա որ հանքերում է ընկերությունը սննդի ծառայություններ մատուցում։

Խնդրել էինք պատասխանել նաեւ, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ հանքերում սննդի սպասարկման համար պայմանագրեր կնքվում են միայն «Երեմյան Փրոջեքթսի» հետ՝ առանց մրցակցության. արդյոք դա պայմանավորված է իշխանության հետ որոշակի համաձայնություններով։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունը հղումներ է արել մի քանի օրենքների, որոնք չեն ենթադրում տեղեկատվության ազատության կամ գաղտնիության սահմանափակում։ Նույնիսկ կարծիք ենթադրող մեր 2-րդ հարցն անգամ պատասխանի չի արժանացել։

Հավելենք, որ «Երեմյան Փրոջեքթսն» ապրում է իր գոյության բաղձալի ժամանակները, երբ, օրինակ, բիզնեսների առաջխաղացման համար միջազգային ֆինանսավորումները պատահաբար կամ դիտմամբ հենց Երեմյաններին են բաժին ընկնում։

Շատ հեռու չգնանք՝ հետհեղափոխական Հայաստանում «Երեմյան Փրոջեքթսը» 2018 թվականին կրկին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից ֆինանսավորվեց 25 մլն դոլարով՝ Տաշիր համայնքում անասնաբուծական նոր համալիր կառուցելու համար։ Դե իսկ մարզահամերգային համալիրի դեմիրճյանական ճարտարապետությունն աղճատողը էլի Երեմյանն է, որը դրսից տեսանելի վերելակ է դրել համալիրի պատին եւ «Լիվինգսթոն» թանկարժեք հյուրանոցն է բացել: Մի արարք, որն անթույլատրելի կլիներ բոլոր ժամանակներում:

 

 

 

 

 

 

ՀՀարդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի նշանակումը այդ բարձր պաշտոնում ոչ միայն ՔՊ մի մասի զայրույթն է հարուցել, այլեւ նրա նախկին ընկերների համար է անհասկանալի: Գեւորգյանը, փոխնախարար նշանակվելուց հետո, իրեն համարեց «սռսուռ ՔՊ-ական», հայտարարեց մոտավորապես հետեւյալը՝ «Չեմ ճանաչում Քոչարյաններին (ՀՀ 2-րդ նախագահ, խմբ.), սիրում եմ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի գիրքը սրտին սեղմած Սիրվարդ Գեւորգյանի հիշյալ հերքմանը քչերը կլինեն, որ կհավատան։ Սակայն նրա սերն առ ՔՊ ակնհայտորեն առավել արդի է: Սիրվարդ Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում փոխել է անունը՝ «Սիվիկ», որը տառացի ՔՊ-ի «պաշտոնաթերթ» «Սիվիկ.am» կայքի անվանումն է։ Մինչդեռ քաղաքականապես կրոնափոխ եղած փոխնախարարը հիմքեր ուներ «սիրելու» ոչ թե ՔՊ-ին, այլ հենց Ռոբերտ Քոչարյանին, քանզի նրա հայրը «թալանի դարաշրջանի» կարկառուն դեմքերից է՝ մաքսային վարչության պետ Հուսիկ Գեւորգյանը, ով իր կարիերայի համար պարտական է բացառապես «գրքի հերոսին»։ Հենց նախկինների օրոք է Հուսիկ Գեւորգյանը զբաղեցրել ամենակոռումպացված եւ եկամտաբեր պաշտոնները՝ 1994-1998 թթ. ՆԳ եւ ԱԱ նախարարության մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետից մինչեւ, ինչպես վերը նշեցինք, ՀՀ Մաքսային վարչության պետ։

 




Լրահոս