Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 13-ին Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Վերջինս վարչապետի՝ սեպտեմբերի 11-ի որոշմամբ էր վերականգնվել այդ պաշտոնում։
Նշենք, որ Իգոր Սարգսյանը Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման ակտիվ մասնակիցներից է:
-Պարո՛ն Սարգսյան, Դուք սեպտեմբերի 11-ին վերականգնվել էիք բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում, սակայն ընդամենը 2 օր պաշտոնավարեցիք. ամսի 13-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, դատարանի ճնշմամբ, աշխատանքից ազատվեցիք: Ի՞նչ պատճառաբանություններ են ներկայացվել Ձեզ, եւ այս երեւույթն ինչպե՞ս կորակեիք:
-Նախ, նշեմ, որ ոչ թե երկու, այլ անգամ մեկ օր չեմ կարողացել աշխատել. ամսի 12-ին ինձ ծանուցել են վարչապետի որոշման մասին, 13-ին տեղեկացել եմ, որ ազատված եմ աշխատանքից: Ոչ մի պատճառաբանություն չի տրվել, պարզապես նշել են օրենքի այն հոդվածները, որով ինձ ազատել են աշխատանքից: Իհարկե, դեռ հարցում պետք է իրականացնեմ՝ հասկանալու, թե որն էր հիմքը՝ ինձ աշխատանքից ազատելու:
-Իսկ Դուք որեւէ վարկած, դիտարկում ունե՞ք, սխա՞լ եք թույլ տվել, թե՞ քաղաքական որոշում է….:
-Պատճառը քաղաքական է, եւս մեկ անգամ համոզվեցի, սակայն նախկինում չեմ ցանկացել ասել՝ «քաղաքական» որոշում է, համարել եմ այն աշխատանքային վեճ, որը կարող էր լուծվել դատարանի միջոցով:
2023 թվականի մայիսին եւս նման խնդիրներ եղան, վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց պաշտոնական պարտականություններս վերականգնելու, սակայն չվերականգնեցին այդպես էլ. ստիպված մեկ տարի 4 ամիս վարչական դատարաններ դիմեցին, սահմանադրական դատարանի որոշումից հետո դարձյալ վճռաբեկ դատարան դիմեցին, որ ինձ աշխատանքի չընդունեին, սակայն վճռաբեկ դատարանը եւս երկու անգամ այս նույն գործի շրջանակում նշեց, որ, «ո՛չ, վճիռն ուժի մեջ է մտնում, պարտավոր եք պաշտոնյային վերականգնելու աշխատանքի»: Հիմա վերականգնեցին, սակայն մեկ օր չանցած՝ որոշում կայացրին ազատելու:
-Իսկ մեկ օրվա ընթացքում հասցրե՞լ էիք ինչ-որ աշխատանք կատարել, կամ գոնե ծանոթանալ աշխատակիցների հետ:
-Ես աշխատակիցների հետ ծանոթանալու խնդիր չունեի. ծանոթացել եմ տեսչական մարմնի ղեկավարի հետ. իր մոտ եմ եղել ամսի 12-ին: Տեսչական մարմնի ղեկավարն է ծանոթացրել ինձ վարչապետի որոշմանը, զրուցել ենք ընդհանրապես աշխատանքի վերաբերյալ: Ես կարծում եմ՝ նա պատկերացրեց, որ իմ մասնագիտական գիտելիքները եւ աշխատանքային փորձը, հմտությունները բավարարում են աշխատելու համար: Դա վճռաբեկ դատարանով եւ մի քանի դատարաններվ ֆիքսվեց, որ ես մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների անբավարարության խնդիր չունեմ, նա՛մանավանդ, որ բնագետ եմ մասնագիտությամբ, եւ գրեթե 20 տարի աշխատել եմ այդ ոլորտում:
-Իսկ պատրաստվու՞մ եք վիճարկել որոշումը:
-Այս պահին դեռեւս հստակ որոշում չունեմ: Կպահանջեմ, որ ինձ տրամադրեն ազատման հիմքերը, ըստ այդմ՝ կորոշեմ՝ աշխատել իրենց հետ, թե չաշխատել:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԻՆՉՈ՞Ւ ՆԵՐԿԱ ՉԵՆ ԳՏՆՎԻ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԾԵՍԻՆ
Սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության սուրբ արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը:
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտարարեց, որ հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է։
ArmLur.am-ը փորձում է ճշտել ՀՀ պաշտոնյաներից՝ մասնակցելո՞ւ են Մայր Տաճարում անցկացվելիք միջոցառումներին։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ ղեկավար Աղասի Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ Վահագն Խաչատուրյանն այդ օրը լինելո՞ւ է Էջմիածնում։
Մեզ հայտնեցին, որ հրավեր Մայր աթոռից ստացել են, սակայն զբաղված գրաֆիկի պատճառով, դեռ չեն որոշել՝ նախագահը մասնակցելո՞ւ է Մյուռոնօրհնությանը եւ Տաճարի վերաօծմանը. մասնակցության մասով որոշում լինելու դեպքում՝ հավելյալ կտեղեկացնեն:
Փորձեցինք տեղեկանալ նաեւ Երեւանի քաղաքապետարանից՝ արդյոք Տիգրան Ավինյանը ներկա կգտնվի՞ Մյուռոնօրհնությանը, թե՞ ոչ:
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Տիգրան Ավինյանն այդ ընթացքում գործուղման է լինելու, այդ պատճառով չի կարողանա ներկա գտնվել Մյուռոնօրհնության արարողությանը։
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՆ ՍՏՈՐԱԳՐԻ
Ադրբեջանի իշխանությունները չեն պատրաստվում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրն այնպես, ինչպես առաջարկում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի պաշտոնյաները սահմանափակվել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ հիմնականում հակասական հայտարարություններով։ Դրանք խեղաթյուրում են խաղաղ գործընթացի իրողությունները։ Հայկական կողմն առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնվելով ներկայումս համաձայնեցված դրույթների վրա։ Սակայն ադրբեջանական կողմը նման մոտեցումն անընդունելի է համարում եւ բազմիցս հայտարարել է այդ մասին։ Կա կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն», – հայտարարել է նա։
Ըստ Հաջիզադեի, «նախագծի շուրջ բանակցություններն ընթանում են դռնփակ, կարելի է միայն ասել, որ այս պահին դրույթների մոտավորապես 80 տոկոսը համաձայնեցված է»։
«Անհնար է պարզապես բացառել անհամապատասխան կետերը: Որպեսզի խաղաղ համաձայնագիրը կայուն եւ հաջողակ լինի, անհրաժեշտ է հստակեցնել մի շարք խնդրահարույց հարցերը։ Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը նախ պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս տարածքային պահանջներ է պահպանում Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ Հայաստանի օրենսդրական ակտերից չեն բացառվել այդ պնդումները, երկու երկրների միջեւ խաղաղության մասին խոսք լինել չի կարող», – հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ առաջարկել է Բաքվին ստորագրել իբրեւ խաղաղության համաձայնագիր այն կետերը, որոնք համաձայնեցված են։ Ըստ Փաշինյանի, նախագծում կա 17 դրույթ, որոնցից ամբողջապես համաձայնեցված են 13-ը, եւս 3-ը մասամբ են համաձայնեցված, եւ կա անհամաձայնություն մեկ կետի շուրջ։
«ԱՋԱԿՑՈՒՄ» ԵՆ
Վաշինգտոնը միշտ էլ առիթներ է փնտրում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցներից հետո ակնկալում է եւս մի հանդիպում կազմակերպել Նյու Յորքում։
«Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների՝ կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելուն ուղղված ջանքերին։ Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձեւակերպման ուղղությամբ, եւ մենք պարտավորվում ենք ամեն կերպ աջակցել կողմերին, այդ թվում՝ հանդիպում հրավիրել, եթե դա օգտակար կլինի», – ասել է Միլլերը։