ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին երեկ հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը արդարացման որոշումը բողոքարկել է հակակոռուպցիոն դատարան:

2024 թվականի մայիսի 31-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավճիռը, որով Սարգսյանն արդարացվել է։

 

Սերժ Սարգսյանը մեղադրվում էր 2013 թ. պաշտոնատար մի խումբ անձանց կողմից, պետությունից վատնելու եղանակով, 489 մլն 160 հազար դրամի հափշտակության կատարումը կազմակերպելու մեջ։

Գործը վերաբերում է վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։

Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել էին, եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։

Իսկ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը եւ Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը եւս արդարացվել են։

Նշենք, որ գործի վաղեմության ժամկետն անցել էր, ինչը եւս հիմք էր մեղադրական դատավճիռ չկայացնելու համար։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՇՐՋԱՆԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՎ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված ծավալուն քննչական եւ համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Հնդկաստանի Հանրապետության երկու քաղաքացու կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով ապօրինի կերպով a-PVP տեսակի թմրամիջոց ձեռք բերելու, ապօրինի տեղափոխելու եւ պահելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

«Ձեռնարկված ապացուցողական գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձինք թվով 120 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթավորված թմրամիջոցներ են ձեռք բերել, որոնց մի մասի հետազոտությամբ դրանք եղել են ընդհանուր առանձնապես խոշոր չափերով` 8,22 գրամ քաշով, «a-PVP» տեսակի թմրամիջոց։

Մասնավորապես՝ անձնական խուզարկությամբ հիշյալ անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է 30 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթներ, իսկ Երեւան քաղաքի Ֆանարջյան փողոցում գտնվող Զեյթունի գերեզմանատան ավտոճանապարհի մայթեզրին կից խոտածածկ տարածքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ 90 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոհիշյալ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ առաջադրվել մեղադրանք:

Վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

 

 

 




Լրահոս