ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջեւ այսօր տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման խթանմանը եւ զարգացմանը:

 

Փաստաթղթերը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության եւ դեսպանության աշխատակիցներ:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ԿԳՄՍ նախարարության եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջեւ արդյունավետ համագործակցության հերթական փուլը, նշել է՝ մեկնարկելիք ծրագիրն ամբողջությամբ համահունչ է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

«Հանրակրթության նոր չափորոշչով մենք դպրոցներում օտար լեզուների իմացությունը բարելավելու խնդիր ենք դրել: Կարեւորում եմ այն ջանքերը, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ հետեւողականորեն ներդնում ենք՝ ֆրանսերենի իմացության բարելավման ուղղությամբ: Ծրագրի շրջանակում դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործվելու են նոր դասագրքեր եւ ուսումնական նյութեր, ինչպես նաեւ մեծ աշխատանք է տարվելու ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ձեւավորելով վերապատրաստող ուսուցիչների խումբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ տարիների ընթացքում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կազմակերպված համայնք է ձեւավորվել, որին նպաստել են նաեւ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ իրագործվող ծրագրերը:

«Հուսով եմ՝ նոր ծրագրի առաջին շահառուները՝ սովորողների հետ միասին, կլինեն նաեւ ուսուցիչները»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ կհստակեցվի ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերով աշխատող դպրոցների ցանկը, որում այս պահին ընդգրկված է 19 դպրոց, սակայն դրանց թիվը կարող է ավելանալ՝ հաշվի առնելով, որ նոր ծրագրերը մեծ հետաքրքրություն կներկայացնեն նաեւ այլ դպրոցների շրջանում:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ֆրանկոֆոն միջավայրը բարելավելու ՀՀ ջանքերն ուղղված են ֆրանկոֆոնիայի երկրների շարքում մեր երկրի՝ ավելի կայուն եւ զարգացող ներկայացվածության ապահովմանը:

«2027 թվականին մեր երկիրը հանձնառություն է ստանձնել հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Հատկապես նպատակուղղված ենք բարելավելու ֆրանկոֆոն միջավայրը, ինչպես նաեւ ընդլայնելու ու տարածելու ֆրանսերենի իմացությունն այս մեծ օրակարգի շրջանակում»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում համագործակցության համար: Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի:

«Ֆրանսիայի դեսպանությունը պատրաստ է տարբեր մարզամշակութային միջոցառումներ կազմակերպելու փորձառությամբ կիսվել Հայաստանի հետ՝ 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ: Մեզ համար դեռ վառ է 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հետ կապված հիշողությունը: 10 օրից Ֆրանսիայում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիան մեր երկրների միջեւ շատ առանձնահատուկ կապ եւ տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորություններ է ստեղծում»,- ասել է դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Դեսպանն ընդգծել է նաեւ ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի Հանրապետության մարզերում ֆրանսերենի ուսուցման տարածման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է՝ նախագծի շրջանակում Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու՝ Հայաստանում ֆրանսերենի ուսուցման որոկի բարելավման եւ սովորողների կարիքների աջակցման նպատակով:

Դեսպանի խոսքով՝ ծրագիրը նախեւառաջ աջակցելու է ֆրանսերենի ուսուցման ջատագովներին՝ ուսուցիչներին:

«Հնարավորություն եմ ունեցել Հայաստանի հեռավոր քաղաքներում եւ գյուղերում հանդիպելու ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների, որոնք առանձնահատուկ սեր են տածում ֆրանսիական մշակույթի, գրականության եւ լեզվի հանդեպ ու շատ լավ գիտեն, թե ինչպես փոխանցել այդ սերը: Նախագծի նպատակն է նաեւ ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների համար մանկավարժական վերապատրաստումներ իրականացնել՝ նրանց զինելով նոր մեթոդաբանությամբ: Մեր մյուս նպատակը ֆրանսերենի խորացված ուսուցման ցանցի ընդլայնումն ու սովորողների կարիքների բավարարումն է: Վստահ եմ՝ միասին կկարողանանք մեծացնել ֆրանսերենի գրավչությունը» – նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ու շնորհակալություն հայտնել ֆրանսերենի զարգացման ու տարածման հարցում ներդրվող ջանքերի ու հետաքրքրության համար:

 

 

 

ՏԱՎՈՒՇՈՒՄ ՏՐՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 6-ին որոշում է ընդունել, որ «Հայաստանի Հանրապետության Լոռու եւ Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրեւներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետեւանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 2024թ. հուլիսի 4-ի թիվ 1043-Ն որոշման համաձայն՝ Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն գյուղի բնակիչ Դավիթ Հարությունյանին աղետի հետեւանքով անհատական բնակելի տանը պատճառված վնասի փոխհատուցման նպատակով տրամադրի 3 միլիոն 200 հազար դրամ։ Մեր թղթակիցը զանգահարեց Բագրատաշեն գյուղի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանին, նա հայտնեց, որ մայիսի 27-ին վարարած Դեբեդը գետը Բագրատաշեն գյուղում հեղեղել է Դավիթ Հարությունյանի տունը՝ մեծ վնաս պատճառելով տանը, այնտեղ եղած գույքին։ Վարչական ղեկավարն ասաց, որ Դավիթ Հարությունյանը Բագրատաշենում առաջինն է, ով հեղեղից վնասված տան համար փոխհատուցում է ստացել, առաջիկայում եւս 3 ընտանիք կստանա դրամական փոխհատուցում, դրա համար պահանջվող փաստաթղթերը այդ ընտանիքները ներկայացրել են։ Ս. Անտոնյանն ասաց, որ հեղեղից վնասվել են Բագրատաշենի 6 ընտանիքների տները, որոնցից 4-ը կստանա դրամական փոխհատուցում, մնացած ընտանիքներից մեկը արտերկրում է բնակվում, մյուս տան համար փաստաթղթային խնդիրներ գոյություն ունեն։ Վարչական ղեկավարն ասաց, որ դրամական փոխհատուցումը տրվում է տան առավելագույնը 80 քառակուսի մետրի համար, մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 40 հազար դրամի չափով։ Ըստ՝ Ս. Անտոնյանի՝ հաջորդ փուլում դրամական փոխհատուցում կստանան ջրհեղեղից տուժած հողամասերի տերերը։ Բագրատաշենում հեղեղից վնասվել են հիմնականում տնամերձ հողամասերը, որոնք ոչ մեծ չափերի են. գյուղում միայն երկու մեծ հողատարածք է ջրհեղեղից վնասվել։

 

 

 

ՀԱՆՁՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ «ԳՈՒԳԼ»-ՈՎ

Վերջերս Իջեւան քաղաքից մեր թղթակցի ծանոթը պետք է մեքենայով գար գնար նրան հանդիպելու թղթակցի հայրական տանը՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղում։ Նա առաջին անգամ էր լինելու սահմանամերձ Ոսկեվան գյուղում, ճանապարհին ծանոթ չէր։ Իջեւանից մեր թղթակցին զանգահարեցին, թե «Գուգլ»-ը Կիրանց-Ոսկեպար ճանապարհի կեսը Ադրբեջանի տարածք է ցույց տալիս ու «խորհուրդ տալիս» Իջեւանից Նոյեմբերյան մեկնել Ալավերդիով, այդ ճանապարհն էլ ավելի քան 150 կիլոմետր է։

Ստացվում է՝ սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով, զիջում, տարածքներ են հանձնում նաեւ Գուգլ-ով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս