ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՒՍԱԽԱԲ ՉԱՆԻ
«Տարո՛ն, դու մեզ եւ բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունես»,-Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է Սերժ Սարգսյանը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին. «Կարեն Կարապետյանը կարճ պաշտոնավարեց, սակայն հասցրեց հետք թողնել Երեւանի պատմության մեջ»: Ստանձնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնը` Տարոն Մարգարյանը երդվել է ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի  համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը:  

ՏԵՍՈՂԱԿԱՆ ԽՈՏԱՆ
Նախօրեին հետաքրքիր պատահար է տեղի ունեցել ՀՀ նախագահի նստավայրի մոտ:  Ուշ երեկոյան` ժամը 23:30-ին, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է նախագահական նստավայրի դարպասին: Նախագահականի անվտանգության ծառայության աշխատակիցները բռնել են վարորդին: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վարորդը 39-ամյա Վաչագան Իսոյանն է, ով եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ: Հանգամանքները պարզվում են: Վաչագան Իսոյանը ձերբակալված է: Մեր տեղեկություններով` Իսոյանը հասարակ քաղաքացի է, անկուսակցական եւ պատահաբար է հայտնվել նախագահականի դարպասների մոտ:

ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ           
Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 21:39-ին, Թուրքիայի Վան քաղաքից 85 կմ հյուսիս-արեւելք տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է  6-7 բալ: Հայաստանի տարածքում եւս այն զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ:

«ԲՀԿ-Ի ՑԱՎԸ ՏԱՆԵՄ»
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Գառնու լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանին առաջարկվել է գործարք` ԲՀԿ-ից «յան տալու» եւ իր տղաների հետ կապված: «Ո~վ, իմ տղաները թող նստեն, ես իմ կուսակցության ցավը տանեմ, ես իմ կուսակցության առաջնորդի ցավը տանեմ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Սուրիկ Հակոբյանը:

ՇԱՐԻԿԻ ՄԵՋ Ի՞ՆՉ ԿԱ

«Հա ի՞նչ, եթե կոմպյուտեր կա, քարտուղարուհի, նախարար, հնարավոր է՝ շարիկ խաղալ, եւ հետո, ես անիմաստ եմ համարում նման հարցերին պատասխանելը, էս ի՞նչ մի բան է»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ԱԺՄ եւ Հանրային պալատի նախագահ  Վազգեն Մանուկյանը, ում հարցրել էինք, թե որպես երկար տարիներ քաղաքականության մեջ եղած մարդ` ինչպես է վերաբերվում տարբեր պետական մարմինների աշխատանքի ակնհայտ որակական դեգրադացմանը:

ԷԼԻ ԽԱԲԵՑ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում  խոստացել էր պարզել ու արձագանքել էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի` ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ խաղ խաղալու փաստին: Անցել է արդեն երկու օր, սակայն Տիգրան Սարգսյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը. ո՛չ կառավարության նիստում, ո՛չ էլ դրանից դուրս Տիգրան Սարգսյանի կողմից որեւէ անդրադարձ չի եղել կատարվածին: Իսկ թե ինչու, այդպես էլ պարզել չհաջողվեց. վարչապետի մամուլի խոսնակը չպատասխանեց ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ էլ մեր նամակին:




Լրահոս