Օրերս լույս տեսավ Հովիկ Չարխչյանի «Երկիր անավարտ» վեպը եւ անմիջապես հայտնվեց ընթերցողների ուշադրության կենտրոնում: Նման հետաքրքրությունն առաջին հերթին պայմանավորված է գրքի բովանդակությամբ, ուր ներկայացվում են մեր ժամանակների խնդիրներն ու մտահոգությունները, հանրային ընկալումների հակասությունները, դժվարին իրավիճակներում ելքեր որոնելու ջանքերը: Դրանք ոչ միշտ են տալիս ցանկալի արդյունքը, քանի որ ավելի հաճախ էականը ստորադասվում է անկարեւորին, անհատի ու երկրի շահերի մերձեցումը չի կայանում: Եվ այս լարված իրադարձություններին համընթաց հեղինակն իր գրքում դիտարկում է բարդ երեւույթների խորքային խմորումներն ու դրանք հրահրող պատճառները:
«Այս վեպը մեզնից յուրաքանչյուրի մասին է»,- ասում է Չարխչյանը:
«Ամեն ոք կարող է գրքում գտնել իրեն՝ ընդհանրությունների ու տարբերությունների խաչման կետերում, կարող է վիճաբանել ու հաշտվել, ընդդիմանալ ու համակերպվել, բայց չի կարող խուսանավել այն պատասխանատվությունից, որ ինքը կրում է երկրի ճակատագրի համար, քանի որ չի գտնելու այնպիսի մի հարթություն, որտեղ երկիրն ու քաղաքացին տարանջատվում են»:
«Երկրի ճակատագիրը կանխորոշում են ոչ թե իրադարձությունները, այլ մարդը», – այս համոզմանն է գրողը: Հովիկ Չարխչյանը գիրքը գրել է 3 ու կես տարում:
Վեպի անվան մեջ «երկիր» բառը, ըստ հեղինակի, երկակի կարելի է հասկանալ` երկիր` տեղային, նեղ իմաստով, եւ երկիր` որպես մոլորակ. «Աշխարհը կմնա անկատար ու անավարտ, քանի դեռ դրա հիմքերը ամուր չեն, իսկ հիմնաքարը դնում ենք մենք՝ բոլորս ու յուրաքանչյուրս: Մեր ամեն մի վրիպում խարխլում է մարդկության եւ երկրի մեծ տան պատերի ամրությունը»,- ասում է նա:
«Երկիր անավարտ» վեպի հերոսներն անկեղծ են իրենց մղումներում ու համոզմունքների մեջ, սակայն անկեղծությունը վրիպումների ու սխալների արդարացումը չէ: Եվ պարտության ու նահանջի ժամին նրանք հարկադրված են վերանայելու եւ վերարժեւորելու իրենց անցած ճանապարհը՝ փնտրելով անավարտն ավարտին հասցնելու գլխավոր խորհուրդը, փակ դռները բացող բանալին եւ հարաբերվելով ճշմարտության ճնշող, սակայն ապաքինող ծանրության հետ:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀԱՄԱՏԵՂ ԵՐԳ՝ «ՀՐԱՆՏ ԴԻՆՔ» ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԵՏ
Պոլսահայ երգչուհի Սիբիլը, որը միշտ պահպանում է կապը Հայաստանի երկրպագուների հետ, «Հրանտ Դինք» մանկական երգչախմբի հետ համագործակցությամբ երաժշտասերների դատին է հանձնել «Բարի լույս» ստեղծագործությունը։ Երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է։
Սիբիլն ու «Հրանտ Դինք» մանկական երգչախումբը (կազմված է հայաստանցի աշակերտներից) հանդես են գալիս «Մաղթենք բարի լույս, թող բարին հաղթի» կարգախոսով։
«Մայր բնությունն այնքան գեղեցիկ գույներ ու բույրեր է պարգեւել մարդուն՝ գետի շառաչը, երփներանգ ծաղիկների բուրմունքը, անտառի մեղմ խշշոցը, կապույտ երկինքը, սակայն մարդկությունը, տեղի տալով իր եսասիրությանը, կարծես նահանջել է իր կոչումից՝ տեսնել ու վայելել բնության հրաշքները, ձուլվել նրան, դառնալ նրա մի մասնիկը, ինչպես որ նախատեսել էր Արարիչը։ Ինքնասիրության պատճառով աշխարհի չորս կողմերում բռնկված բոլոր պատերազմները մերժում ենք «Բարի լույս»-ով, որովհետեւ ամեն մի բարի լույս օրհնանք ու լավատեսություն է, հույս է հաշտություն աղերսող մանուկների համար»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Երգը գրվել է Համո Սահյանի բանաստեղծության հիման վրա։ Երաժշտությունը Հրանդ Ճիզմէճեանինն է, գործիքավորողը Մաժակ Թոշիկյանն է, ռեժիսորներն են Հարություն Գեւորգյանն ու Սայաթ Դաղլըյանը։
ԿԻԼԻԿԻԱ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Օրերս «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանի բանախոսությունը՝ «Մի առագաստանավի պատմություն. Կիլիկիա» խորագրով։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում կարեւորեց բանախոսության արդիականությունը «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո, եւ Կիլիկիան Հայաստանի նավագնացության ուսումնասիրման անհրաժեշտությունը պատմական հետազոտությունների տեսանկյունից։
Բանախոսն իր ելույթի ընթացքում ներկայացրեց Կիլիկիան Հայաստանի նավատեսակների կառուցման տեխնոլոգիան, ինչպես նաեւ իր կողմից կատարված հետազոտությունների արդյունքները Կիլիկիան Հայաստանի նավատորմի եւ նավագնացության մասին։ Հեղինակը անդրադարձ կատարեց նաեւ մեր օրերում պատմական նավերի վերականգնման ու Սեւանա լճում ստորջրյա հնէաբանական ուսումնասիրությունների իրականացման աշխատանքներին։
Բանախոսությանը հաջորդեց «Կիլիկիա. արարում» ֆիլմի դիտումը։
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ՏԱՃԱՐԻ ՎՆԱՍՎԱԾ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ
Մայր Տաճարի զանգակատան առաստաղին քանդակազարդ հատվածներ կան: Դրանք եւ Պողոս, Պետրոս առաքյալների պատկերները վնասված են, որոնք այս պահին մասնագետները ամրացնում են: Բացի այդ՝ վնասված են կամարները, դրսում որմնանկարները շատ արագ են տուժում անձրեւներից եւ արեւից:
Վերականգնումը կտեւի մի քանի ամիս։