Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի ՀՀ պետական պահպանության ծառայության պետն ու տեղակալները, որոնք զբաղեցնում են ոչ զինվորական ծառայության պաշտոն, իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել, հատուկ միջոցներ և զենք կրել, պահել և կիրառել։
Համապատասխան փոփոխություններ կկատարվեն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքներում։
«Ծառայության հատուկ բնույթով ու առանձնահատկություններով պայմանավորված տեղի ունեցող պահպանական միջոցառումներին հաճախակի անմիջապես մասնակցում է անձամբ ՊՊԾ պետը, ինչպես նաև պետի տեղակալները,և այդ միջոցառումների ընթացքում վերջիններս, իրենց իրավասության սահմաններում, կազմակերպում և ղեկավարում են իրականացվող գործողությունները, անձնական օրինակով ենթակաների մոտ առաջացնում պատասխանատվության զգացում իրենց ծառայողական պարտականություններն առավել զգոն և բարեխղճորեն կատարելու նկատմամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Օրենսդրական փոփոխություններով` ՊՊԾ ծառայողներին նաև իրավունք կվերապահվի պահպանական միջոցառումների իրականացման ժամանակ օգտագործել ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները։
Բացի այդ, արտաքին հետախուզության ծառայությանը չի թույլատրվի որպես համագործակցող անձ ներգրավել ՊՊԾ աշխատակիցներին, իսկ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության թափուր պաշտոնները կհամալրվեն նաև ՊՊԾ ծառայողներով։
Այս նախագծի ընդունումը համարվել է անհետաձգելի։
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից: