ArmLur.am-ի խմբագրություն Աննա Խաչատրյանն ահազանգում է, որ, ապրելով իր իսկ սեփական երկրում, լինելով սեփական լիակատար քաղաքացի, պաշտպանված չի զգում իրեն այստեղ:
Իր ամուսինը՝ Արմեն Դաբաղյանն ունի սրտմկանի սուր ինֆարկտ, որի համար տեղադրել են 2 ստենդ: Առաջինը տեղադրել են 2022 թ-ին։ Երբ շտապօգնության մեքենայով տարել են «Աստղիկ» ԲԿ, անվճար տեղադրել են այդ ստենդը։ Իսկ արդեն երկրորդ անգամ անհրաժեշտ է եղել այս տարի՝ 2024 թ-ին, ու կրկին զանգահարել է շտապօգնություն, որ տանեն հիվանդանոց և տեղադրեն ստենդը:
Շտապօգնության մեքենայով Արմեն Դարբինյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, քանի որ այնտեղ ազատ տեղ չի եղել, տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, որտեղ էլ ստենդի համար պահանջել են 900 հազար դրամ և ասել են՝ մինչև գումարը չլինի, չենք կարող իրականացնել վիրահատությունը:
Կինը՝ Աննա Խաչատրյանը ստիպված է եղել կարճ ժամանակում վարկ վերցնել: Վճարել են գումարը, նոր եղել է վիրահատությունը։
«Ես շատ զարմացա, ստացվում է՝ օրենքն ասում է՝ եթե չես կարողանում վճարել, ուրեմն մարդը պետք է մեռնի՞, իսկ ինչի՞ համար են այդ հիվանդանոցները՝ միայն օլիգարխների՞, որ փող ունեն, մնացածներն ապրելու իրավունք չունե՞ն»,- ասում է նա:
Տիկին Աննայի խոսքով՝ «առաջին ստենդից հետո 1 տարի ամուսնուն թոշակ են տվել, դրանից հետո դա էլ են կտրել՝ ասելով, թե լավ է արդեն:
«Ուզում եմ հասկանալ՝ մի հիվանդանոցում մի ձև է գործում մյուսում՝ ա՞յլ»,- նշում է նա:
ArmLur.am-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ՝ մեկնաբանություն լսելու նպատակով.
«Եթե խոսքը սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի մասին է, ապա պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում` ամբողջ բնակչության շրջանում (անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքային խմբից) գործում է: Ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենդի տեղադրումն անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:
Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին տեղափոխելու ժամանակահատվածը: Ուզում եմ նաև նշել, որ սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնելու լաբորատոր-գործիքային ցուցանիշներն կան: Օրինակ` սրտամկանի սուր ինֆարկտ»-ին բնորոշ կլինիկական ախտանիշներ, էլեկտրասրտագրի վրա ST սեգմենտի ավելի քան 1մմ էլևացիա երկու և ավելի արտածումներում կամ օրինակ արյան մեջ տրոպոնինի կամ բարձր զգայունության տրոպոնինի > 100 նգ/լ ցուցանիշ և այլն: Դա բժիշկն է հստակեցնում: Ես այսպես չեմ կարող ասել, թե քաղաքացու մոտ ինչ խնդիր է: Եթե որևէ բան չի բավարարում նրան, խնդրանքս է` թող զանգահարի մեր թեժ գծին կամ ներկայացնի իր բոլոր թղթերը նախարարութուն, հասկանանք»,- ասաց նա:
Էմմա Մարտիրոսյան