Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:
Երկուստեք ընդգծվել է ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարել քաղաքական երկխոսության խորացմանը զուգահեռ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ առևտրի խթանման նպատակով:
Նախարար Միրզոյանը նշել է. «Մեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով, համալրվում նոր բովանդակությամբ՝ կառուցվելով ռազմավարական երկխոսության վրա, և մենք շահագրգռված ենք շարունակել ակտիվ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով»:
Տարածաշրջանային հարցերի համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է երկու տարվա բանակցություններից հետո մշակված խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու և համաձայնեցված տեքստով ստորագրման կարևորությունը՝ միտված Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը:
Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը: