Բոլոր նրանք, ովքեր այցելելու են Բաքու՝ մասնակցելու COP29-ին, պետք է իրենց բարոյական պարտքը համարեն՝ կոչ անել ապահովել բռնի տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ և պատանդների ազատ արձակումը։
Այս մասին ԵԽ նիստում ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն:
Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ադրբեջանն իրականացրել է ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղում և բռնի տեղահանել ավելի քան 100 000 մարդու:
Այս կերպ, ըստ Լուազոյի, պատմության մեջ ամրագրվել է 21-րդ դարի առաջին էթնիկ զտման հետքը, և մեկ տարի անց ոչ մեկ դեռևս հնարավորություն չունի վերադառնալու իր տուն։
«Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել նախորդ հակամարտության գերիներին։ Լեռնային Ղարաբաղի հոգևոր և մշակութային ժառանգությունը սպառնալիքի առջև է կանգնած, բազում հուշակոթողներ արդեն իսկ ոչնչացվել են։ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ և մի քանի շաբաթից հյուրընկալելու է «COP29» համաժողովը: Բոլոր նրանք, որոնք այցելելու են Բաքու, իրենց բարոյական պարտքը պետք է համարեն՝ կոչ անելու ապահովել վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել պատանդներին»,- նշել է Լուազոն: