ՉԵՄՊԻՈՆ «ՓՅՈՒՆԻԿԸ»-Ը ՀՖՖ ՊԱՏՃԱՌՈՎ ԿԱՐՈՂ Է ՓԱԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվել

Երեկ սենսացիոն լուր տարածեց հայկական ամենահեղինակավոր ակումբներից մեկի՝ Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ի սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը: Նա հայտարարեց, որ դադարեցնում է իր ֆուտբոլային գործունեությունը եւ վաճառքի է հանում թիմը։ Իր խոսքում գործարարը մեղադրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը՝ իրեն այդ քայլին դրդելու համար։ Բացի ֆուտբոլի ու ՀՀ-ի համար իմիջային ողբերգություն լինելուց, այս իրողությունը նաեւ գալիս է փաստելու, որ գործող իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տապալում է նաեւ այս ոլորտը։

ՀՖՖ-ն դարձել է ՔՊ-ականների բիզնես միջավայր. մամուլը բազմիցս գրել է, որ այնտեղ ֆինանսական հետաքրքրություններ ունեն Հակոբ Սիմիդյանը, Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Երեւանի կոռուպցիոներ պաշտոնյայի համբավ ստացած փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, եւ հաճախ ՀՖՖ-ի հետ արտասահմանյան գործուղումների մեջ կարելի է տեսնել նաեւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին ու այլոց։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք, մեղմ ասած, փաստել են, որ այս ՔՊ-ականներն են իրականացնում ֆեդերացիայի կողմից պատվիրված շինարարությունները: Վերջին դեպքը «ՆՈԱ» ակումբի միջազգային խաղի ժամանակ Աբովյանի մարզադաշտի հոսանքազրկումն էր, իսկ այդ ենթակառուցվածքի շինարարությունը, ըստ լրագրողական հետաքննության, կապված էր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի շրջապատի հետ։ Էլ չենք խոսում այն մասին, որ Ֆուտբոլի ակադեմիայի սաունան ու լողավազանը օգտագործվել են ՔՊ-ական հավաքների համար, ինչի մասին գրվել է վաղուց։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահել իր աջակցությամբ ընտրված Արմեն Մելիքբեկյանին, ում օրոք հայկական ֆուտբոլը հետընթաց է ապրում. բոլոր տարիքային հավաքականները խայտառակ արդյունքներ են գրանցում, իսկ ազգային թիմը կրում է պարտություն պարտության հետեւից. դե իսկ եզակի հաղթանակներն ընկալվում են որպես բացառություն։ Այս ընթացքում Փաշինյանը հայտարարում է, որ մեր հավաքականը խոշոր մրցաշարում մեդալակիր է դառնալու: Իհա՛րկե, դառնալու է, բայց ո՛չ այսպիսի ագահության, անհայրենասիրության ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցման պարագայում։

Հիշեցնենք, որ ՀՖՖ այս ղեկավարության օրոք «Փյունիկ»-ը կարող է դառնալ ֆուտբոլից «հեռացած» հերթական ակումբը բարձրագույն խմբերից՝ «Լոռի», «Նորավանք», «Գանձասար» (վերջինս այս տարի հետ վերադարձավ ճնշումների շնորհիվ): Հիշեցնենք նաեւ, որ «Սեւան» ակումբի սեփականատերը նույնանման խնդրի պատճառով տեղափոխվեց ու ներդրումներ արեց վրացական ֆուտբոլում։

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասնում, որ սեզոնի ավարտից հետո ՀՖՖ-ի քայլերի պատճառով ֆուտբոլից դուրս գալու մասին հայտարարելու են եւս երկու ակումբներ, որոնց թիվը կարող է ավելանալ։ Ակումբային ֆուտբոլը Հայաստանում եկամտաբեր չէ, ու այն պահվում է գործարարների միջոցներով, ըստ որոշ տեղեկությունների՝ թիմ պահելը Հայաստանում տատանվում է տարեկան 1 մլն դոլարից մինչեւ 7-8 մլն, սակայն ֆուտբոլը նախ աշխատանք է երիտասարդների հետ, ժամանց՝ հասարակության լայն շերտերի համար ու պետության հեղինակություն։

Տարօրինակ է, որ ֆուտբոլի գահավիժմանը չեն արձագանքում ֆանակումբները, որոնք Ռուբեն Հայրապետյանի ժամանակ շատ «ակտիվ ու հայրենասեր» էին։

 

 

 

 

 

 

Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում ենթադրյալ հանցագործներն իրենց հանցավոր գործողությունները իրականացնում են ԱԱԾ-ի կամ ոստիկանության կեղծ համազգեստներով:

 

Խոսենք փաստերով

 

Այս տարվա ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ Փարաքար համայնքում մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Հանցագործները ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով են եղել եւ դիմակավորված. դուրս գալով ավտոմեքենայից՝ նրանք ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ ու ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառումով բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից: Այնուհետեւ, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով՝ վերոնշյալ երեք անձանց ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293 մլն ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները՝ փախել:

2024 թ. սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության՝ դեռեւս ինքնությունները չպարզված չորս մասնակից BMW մակնիշի կեղծ համարանիշներով ավտոմեքենայով հետապնդել են ամերիկահայ բիզնեսմենի կնոջը։ Ժամը 12:00-ի սահմաններում նրանցից երկուսը, ՀՀ «ԱԱԾ» գրառմամբ հագուստներով եւ դիմակավորված, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ մոտեցել են Երեւան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանում իր հարազատների հետ գտնվող կնոջը, եւ ԱԱԾ տեղափոխելու կեղծ պատրվակով, վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ ստիպողաբար նստեցրել են հիշյալ մեքենան ու տեղափոխել Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող եկեղեցուն կից շինություն:

2024 թվականի հունիսի 11-ին սպանվեց քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «ֆազը», որին սպանողների մեքենայի տարածքում հայտնաբերվել էր ոստիկանության զրահաբաճկոն:

 

Այս իրավիճակը թերեւս վտանգավոր է այն տեսանկյունից, որ հանցագործները ուժային կառույցների համազգեստների «անվան տակ» լուրջ հանցագործությունների են դիմում, ու քաղաքացիները վստահ լինելով, թե իրավապահներ են, ենթարկվում են նրանց պահանջներին:

Իրավիճակը պետք է մտահոգի իրավապահ մարմիններին. մեղսագործները նրանց համազգեստի միջոցով լուրջ հանցագործություններ են նախապատրաստում, իրականացնում, իսկ ուժայինները չեն կարողանում նախապես կանխել դրանք:

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության դարաշրջանում բռնապետական երկրին բնորոշ կերպով քաղաքական հալածանքների են ենթարկվում ոչ միայն «չհնազանդվողները» կամ ՔՊ կարծիքը չկիսողները, այլեւ նրանց ազգականները: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է գործընթացի մի ժամանակագրություն, որի հետեւությունները զուգադիպություն դժվար է համարել: Փաստորեն, բացի «Սերժ Սարգսյանի եւ այլոց» դեմ հարուցված դատական գործը քննող դատավոր Վահե Միսակյանից, պատժամիջոցների է արժանացել նաեւ մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը։ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը հրապարակելու ճիշտ նույն օրը` 2024 թվականի մայիսի 31-ին, պաշտոնից ազատվել է նրա հարկային տեսչության պետ հայրը` Աղվան Ենոքյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս երկար տարիներ է՝ թոշակառու էր եւ զբաղեցնում էր Արագածոտնի հարկային տեսչության պետի պաշտոնը, իսկ նրա տարիքը ոչ ոքի չէր անհանգստացնում։ Այժմ Աղվան Ենոքյանը իջեցվել է բաժնի պետի տեղակալի հաստիքի։ Ինչպես տեսնում եք՝ Ստալինը թեեւ մահացած է, բայց ստալինիզմը ողջ է Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարական երկրում:

 

 

 

 

 

 

Այսօր լրանում է Արցախի Հանրապետության տոտալ հայաթափման, բռնի տեղահանության, էթնիկ զտման մեկ տարին: 2023 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսվեց, ինչի հետեւանքով Արցախի հայ ազգաբնակչությունը էթնիկ զտման ենթարկվեց, եւ շուրջ 120 հազար արցախցի ստիպված լքեց իր հայրենիքը՝ տարիներով պահած իրենց ապրուստը թողնելով թշնամուն: Իսկ ի՞նչ իրավիճակ է Արցախի նկատմամբ հարձակումից մեկ տարի անց. ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախ, ապօրինի կալանավորված ռազմաքաղաքական ղեկավարներ եւ քաղաքացիներ թշնամու բանտերում, ապագայի հույս փնտրող, իրենց հանապազօրյա հացի համար պայքարող ու հայրենիքի կարոտով ապրող արցախցիներ: Գրեթե ամեն օր տեղահանված արցախցիները Հայաստանի կառավարության շենքի դիմաց հավաքվում, փորձում են իրենց սննդի, կեցության կամ այլ տարրական հարցեր լուծել եւ ապագայի համար երաշխիքներ ստանալ: Հայաստանի իշխանությունները, սակայն, Արցախի հանձնումը մարսելուց հետո, այդուհետ փակված են համարում հայկական Արցախի էջը, փորձում են ոչնչացնել հայկական երկրորդ պետության հետ կապված հիշողությունները, Արցախի իշխանություններին ճնշումների միջոցով չեզոքացնում են, իսկ տեղահանված արցախցիներին ստիպում են մոռանալ ինքնությունը եւ ընդունել ՀՀ քաղաքացիություն, եթե ցանկանում են գոյատեւել այստեղ: Կարճ ասած՝ ամեն ինչ այնպես է, ինչպես պլանավորել է Ադրբեջանը:

 




Լրահոս