ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄՔԸ ԵՐԿԱԿԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին եւ 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկայանան Մյուռօնօրհնության եւ Մայր Տաճարի վերաօծման արարողությունները, որին ներկա են լինելու եկեղեցականներ, հյուրեր եւ հոծ բազմություն: Բավականին երկար շրջանառված խոսակցություններից հետո միջոցառումներին մասնակցելու հրավեր են ստացել նաեւ իշխանության ներկայացուցիչները:

 

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ՝ ճշտելու, արդյոք մասնակցելու են արարողություններին, թե ոչ:

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտարարեց, որ հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է։

«Ժողովուրդ» օրաթերթ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսնակից փորձեց ճշտել՝ նա մասնակցելու է Մայր Տաճարում անցկացվելիք միջոցառումներին, թե ոչ, սակայն պարզվեց՝ նախարարը դեռ որոշում չունի։

-Ինչպե՞ս է կազմված նախարարի օրակարգը, եւ արդյոք մասնակցելո՞ւ է սեպտեմբերի 28-ին կայանալիք Մյուռոնօրհնության եւ հաջորդ օրը կայանալիք Մայր Տաճարի վերաօծման արարողություններին:

_Դեռեւս որոշում չունի՝ մասնակցելո՞ւ է  արարողություններին, թե՞ ոչ։

«Ժողովուրդ» օրաթերթը  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանից հետաքրքրվել է՝ հրավեր ստացե՞լ է, թե՞ ոչ, եւ ի՞նչ որոշում ունի մասնակցության մասով:

_Ես հրավեր չեմ ստացել։ Իմ ժամանակացույցը հստակ չգիտեմ այս պահին, որ հասկանամ, բայց չեմ ստացել հրավեր, ստանալու դեպքում՝ կմտածեմ։

Վերոնշյալ թեմայի շուրջ օրաթերթը զրուցել է նաեւ իշխանական պատգամավոր, ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:

-Պարո՛ն Աղազարյան, Դուք հրավեր ստացե՞լ եք մասնակցության, այդ օրը գնալո՞ւ եք Մայր աթոռ։

-Ճիշտն ասած՝ փոստը դեռ չեմ ստուգել, բայց եթե հրավեր ստանամ էլ, չեմ գնալու

-Ինչո՞ւ

-Չեմ գնա, որովհետեւ հարմար չեմ գտնում։ Պատճառը եկեղեցու երկակի դեմքն է. մի կողմից իր սպասավորի միջոցով փորձում է անկայունություն մտցնել երկրում, մյուս կողմից էլ իշխանության ներկայացուցիչներին հրավիրում է հոգեւոր ծիսակատարության մասնակցելու։ Ես այդ մասով իմ կարծիքն ունեմ, այդ պատճառով չեմ գնալու, բայց նորից եմ ասում, չգիտեմ՝ հրավեր ստացել եմ, թե ոչ։

-Այսինքն՝ չե՞ք վստահում Հայ եկեղեցուն։

-Ոչ թե եկեղեցուն, այլ եկեղեցու  այսօրվա սպասավորներին, իհարկե՝ ոչ բոլորին։ Չի կարելի անպատասխան թողնել հոգեւորականի քաղաքական կեցվածքը եւ հոգեւորականին ոչ հարիր բառամթերքը։

-Խոսքը կոնկրետ ո՞ւմ մասին է, Պարո՛ն Աղազարյան։

-Բագրատ Գալստանյանի:

-Այսինքն՝ այդ պատճառո՞վ եք որոշել չմասնակցել հոգեւոր ծիսակատարությանը։

-Դե, ես էլ իմ անհամաձայնությունն այդ կերպ եմ արտահայտում:

Հավանաբար, ՔՊ-ականները սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ դրա համար էլ որոշում չունեն այս մասով։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԼՂ ՀԱՅԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ

Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից։

Նշվում է, որ խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի նախագահը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն է։

Խորհուրդը զբաղվելու է կառավարության կողմից՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին վերաբերվող նախագծերը, որոշումները քննարկելու, նրանց կարծիքները եւ մոտեցումները պարզելու, որոշումներն ավելի թիրախավորված եւ կարիքահենք դարձնելու հարցերով։ Ինչպես նաեւ կառավարության ծրագրերը խորհրդի անդամների միջոցով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած ազգաբնակչությանն իրազեկելու եւ ճիշտ ուղղորդելու նպատակով։

Խորհրդի անդամների միջոցով կհավաքագրվեն նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հուզող խնդիրները, հարցերը, որոնք կընդգրկվեն Խորհրդի նիստերի օրակարգում եւ լուծումներ կգտնեն։

Խորհրդի կազմում ընդգրկվել են ՀՀ մարզպետները, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը եւ ԼՂ-ից բռնի տեղահանված այն հայերը, որոնց առաջադրել են Երեւանի քաղաքապետը եւ ՀՀ մարզպետները՝ ՀՀ համայնքապետերի հետ սերտ համագործակցությամբ։

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 218

2021 թվականի մայիսի 10-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի ձկնորսների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «100 տոկոսով համոզված եմ՝ գիտեք, բայց էլի ուզում եմ կրկնել՝ ձկնապաշարի պաշտպանության համար ինչ-որ պետությունն անում է, մեկ է՝ էլի ձեզ համար է անում, մեկ է՝ էլի ձերն է։ Որեւէ մեկը ուրիշ տեղից չի գալիս, փառք Աստծո, ո՛չ իշխանությունը, ո՛չ կառավարությունը՝ գա քիթը խոթի էնտեղ, որ ուրիշի հացը փախցնի»։

Սակայն իրականում 20.12.2023 թ. Նորատուս համայնքի ձնկնորսները բողոքի ակցիա էին անում՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանն իրենց խաբել է եւ արգելել ձկան որսը՝ իրենց կտրելով հացից։

«Նիկոլ Փաշինյանն ուզում է մեզ սովամահ անել», – ասում էին նրանք։

Ակցիայից մեկ օր առաջ տեղի էր ունեցել ծեծկռտուք ձկնորսների եւ պարեկների միջեւ, որի ընթացքում շուրջ 30 ձկնորս ձերբակալված էր։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀԱՊԿ ԳՈՐԾԸՆԿԵՐ

ՀԱՊԿ-ը շարունակում է դիտարկել Հայաստանին որպես իրավահավասար գործընկեր: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«ՀԱՊԿ-ը պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի մասով», – ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար:

«Մենք ՀԱՊԿ-ում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ կազմակերպությունը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, ՀՀ հետագա գոյության, ինքնիշխանության ու պետականության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 




Լրահոս