ԼԻԲԱՆԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ի երեկոյան Լիբանանում պայթյուններ են տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել է առնվազն 4,000 մարդ, զոհվել՝ 11-ը, այդ թվում՝ 8-ամյա երեխա եւ «Հըզբոլլահ»-ի պատգամավորներից մեկի որդին։ Լիբանանում սմարթֆոնների, ռադիոների եւ փեյջերների պայթյունների հետեւանքով «Հըզբոլլահ»-ի շուրջ 1500 անդամ կորցրել է տեսողությունը:

 

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին փեյջերի պայթյունից կորցրել է մի աչքը, իսկ մյուս աչքի շրջանում ծանր վնասվածք է ստացել, գրում է The New York Times-ը: Լրագրող Եվգենի Արսյուխինը փորձել է բացատրել` ինչպես է հնարավոր դարձել միաժամանակ պայթեցնել հազարավոր փեյջերներ:

«Պայթել են փեյջերների լիթիում-իոնային մարտկոցները։

Նրանք հայտնվել են «ջերմային թափառքի» մեջ, այլ կերպ ասած` կարճ միացման։ Սմարթֆոնի մարտկոցը հեռակա կարգով պայթեցնելը հեշտ է: Բավական է դրան ավելացնել մի ծրագիր, որը կստիպի սմարթֆոնին կատարել բազմաթիվ առաջադրանքներ միաժամանակ, այսինքն՝ ծանրաբեռնել սարքը։ Փորձելով ապահովել անհրաժեշտ հոսանքը, մարտկոցը գերտաքանալու է եւ պայթելու: Նկատե՞լ եք՝ երբ հեռախոսը ցանց է փնտրում, այն տաքանում է։ Նույնն էլ այս դեպքում է, միայն թե ավելի վտանգավոր:

Փեյջեր պայթեցնելն ավելի դժվար է: Պետք է գտնել այն պահը, երբ ցանցում առնվազն մեկ փեյջեր հաղորդագրություն է ուղարկում: Այդ պահին սարքը բաց է, եւ դրա մեջ կարող է վիրուս ներմուծվել: Երբ վարակվում է մեկ փեյջեր, վարակվում է ամբողջ ցանցը: Այժմ, առնվազն մեկ փեյջերին հաղորդագրություն ուղարկելով, ակտիվացվում է «ջերմային թափառքը», եւ այս ցանցի բոլոր փեյջերները պայթում են: Լիթիում-իոնային մարտկոցներով ցանկացած սարք, այդ թվում՝ մանկական խաղալիքները, նույնպես խոցելի են, եթե ունեն արտաքին աշխարհի հետ կապի նվազագույն հնարավորություն՝ bluetooth, Wi-Fi, ռադիոցանց։

Դուք, կարող է, չգիտեք այս հնարավորության մասին, բայց չգիտես ինչու, արտադրողը մոդուլը ներառել է պլատայի մեջ: Եզրակացությունը շատ տխուր է. աշխարհը կարող է հաշմանդամ դառնալ, եթե ինչ-որ մեկը նման նպատակ դնի իր առջեւ: Պաշտպանվել հնարավոր է, սակայն հակավիրուսները լի են խոցելի անցքերով, ծրագրակազմը հաճախ հին է, իսկ սովորական Bluetooth-բարձրախոսների վրա ընդհանրապես պաշտպանություն չկա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբանանում «Հըզբոլլահի» հարյուրավոր անդամներ տուժել են կիբեռհարձակման հետեւանքով. նրանց ռադիոկապի սարքերն անսպասելիորեն պայթել են։ Դեպքը տեղի է ունեցել Բեյրութի հարավային արվարձաններում:

Sky News Arabia-ն, Reuters-ը, Al Jazeera-ն հայտնել են, որ գործին ներգրավված է Իսրայելը:

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վիրավորվել է նրա անձնական փեյջերի պայթյունի հետեւանքով։ Այս մասին հայտնել է Իրանի պետական Mehr գործակալությունը։ Վնասվել էին դեսպանի աչքերը, որի հետեւանքով մեկ աչքը կորցրել էր տեսողությունը:

Ըստ Al Jazeera-ի՝ հիվանդանոցները աշխատում են գերծանրաբեռնված, Բեյրութի հաարավային շրջաններից բազմաթիվ վիրավորների են տեղափոխում հիվանդանոցներ։ Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հեննիս-Պլասխերտը Լիբանանում փեյջերների պայթյուններն անվանել է «ծայրահեղ մտահոգիչ էսկալացում»: Այս մասին նշված է սեպտեմբերի 17-ին պայթյուններից հետո նրա տարածած հայտարարության մեջ։ Հեննիս-Պլասխերտը դատապարտել է հարձակումը եւ հիշեցրել, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ «քաղաքացիները թիրախ չեն եւ պետք է միշտ պաշտպանված լինեն»։

ՄԱԿ-ի հատուկ համակարգողը նաեւ կոչ է արել «բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ ցանկացած հետագա գործողություններից կամ ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է հրահրել ավելի մեծ բռնկում, որը ոչ ոք չի կարող իրեն թույլ չի տալ»:

Սեպտեմբերի 17-ին լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման անդամների կողմից տվյալների փոխանցման համար օգտագործվող հազարավոր փեյջերները միաժամանակ պայթել էին Լիբանանի տարբեր շրջաններում: Ըստ աղբյուրների՝ սա եղել է Իսրայելի կողմից կազմակերպված կիբեռհարձակում, որի հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ, գրեթե 4000 մարդ վիրավորվել է։

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԶԵՆՔԻ ԳՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանն անվտանգության ոլորտի իր հարաբերությունները որոշակիորեն դիվերսիֆիկացնում է։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով անվտանգային միջավայրի տեսլականին։

«Վերջերս շատ կարեւոր որոշում կայացվեց՝ Եվրամիությունը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամը, Հայաստանին աջակցություն տրամադրեց, որը զուտ դրամական եւ տեխնիկական առումով սիմվոլիկ է, բայց շատ մեծ նշանակություն ունի։ Մենք տարբեր երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն ենք իրականացնում։ Նաեւ պրոֆեսիոնալ բանակ ենք ստեղծում», – ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաեւ անդրադարձավ Ադրբեջանի իշխանության կողմից արված հայտարարություններին, մասնավորապես, որ Հայաստանը Ֆրանսիայից սպառազինություն է գնում։

«Հետաքրքիրը գիտե՞ք՝ ինչն է։ Նրանք ասում են՝ Արեւմուտքը զինում է Հայաստանին։ Կներեք, բայց որ Ադրբեջանը Չեխիայից, Սլովակիայից, Իտալիայից զենք է գնում, երբվանի՞ց այդ երկրներն այլեւս Արեւմուտք չեն։

Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից, Սլովակիայից զենք գնել, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից զենք ձեռք բերել։ Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Պակիստանից զենք ձեռք բերել, իսկ Հայաստանը Հնդկաստանից չի կարող», -նշեց Փաշինյանը։

Վարչապետը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն։

«Մենք ասում ենք՝ 29 743 ք/կմ ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է մեր խնդիրը, իրավունք, որը երաշխավորված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Ընդ որում, նաեւ ՄԱԿ-ի եւ այլ միջազգային  կազմակերպությունների փաստաթղթերը պետության վրա դնում են պարտավորություն ապահովելու իրենց քաղաքացիների անվտանգությունը։ Եվ մենք այս պարտավորությունները կատարելու ենք»,-եզրափակեց Փաշինյանը։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ԲՐԻԿՍ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ

Այս պահին Հայաստանն իր օրակարգում չունի ինտեգրումը ԲՐԻԿՍ-ին: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ:

«Ռուսաստանի Դաշնության նախագահից հրավեր եմ ստացել մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը կկայանա հոկտեմբերին Կազանում, այս պահին ավելին չեմ կարող ասել», – ասել է նա։

 




Լրահոս