Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐԻՑ ԵՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԱՅՑԵԼԵԼ ՀՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թ. հունվար-հուլիս ամիսների կտրվածքով ամփոփվել են հիմնական ժողովրդագրական ցուցանիշները:

 

«Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ սահմանային մուտքերի-ելքերի գրանցումները, ըստ սահմանահատողի քաղաքացիության երկրի, որքան են եղել։

Այսպիսով՝ ներկայացնում ենք թոփ 10 երկրները, որտեղից մուտք եւ ելք են արել Հայաստան։

Ընդհանուր առմամբ՝ Հայաստան մուտք է գործել 1 093 428 մարդ, իսկ Հայաստանից դուրս է եկել 1 131 213 մարդ, ինչն ավելին է, քան մուտք գործելու թիվը։

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մուտք է գործել 796 181 մարդ, իսկ Հայաստանից դուրս է եկել 747 777 մարդ։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան այն ժամանակ սկսեցին շատ այցելել, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։

Վրաստանից դեպի Հայաստան է եկել 226 791 մարդ, իսկ դուրս է եկել 222 612։

Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան է եկել 108 834 մարդ, դուրս եկել՝ 107 665 մարդ:

ԱՄՆ-ից 42 860 մարդ եկել է ՀՀ, իսկ գնացել՝ 36 438 մարդ։

Ուկրաինայից Հայաստան է եկել 32 277 մարդ, դուրս է եկել 32 564 մարդ։

Հնդկաստանից Հայաստան է մուտք գործել 29 134 մարդ, իսկ դուրս է եկել 34 772 մարդ։

Ֆրանսիայից ՀՀ է եկել 19 768 մարդ, իսկ գնացել է 17 239-ը։

Չինաստանից 19 512 մարդ եկել է Հայաստան, եւ գնացել է 18 680 մարդ։

Գերմանիայից 17 826 մարդ եկել է Հայաստան, իսկ 16 542 մարդ գնացել է։

Մեր ներկայացրած շարքից վերջին երկիրը Ֆիլիպիններն է, որտեղից 14 475 մարդ եկել է Հայաստան, իսկ գնացել է 14 756 մարդ։

Կից ներկայացնում ենք նաեւ ՀՀ պետական սահմանի անցման կետերով իրականացված ժամանումներն ու մեկնումները։

«Զվարթնոց» օդանավակայան մուտք է գործել 1 379 644 մարդ, որից 439 098-ը ՀՀ փաստաթղթով, իսկ դուրս է եկել 1 358 143 մարդ, որից 456 051-ը՝ ՀՀ փաստաթղթով։

Բագրատաշենի անցակետով մուտք է գործել 703 735 մարդ, որից 420 993-ը ՀՀ փաստաթղթով, իսկ դուրս է եկել 697 913 մարդ, որից 434 531-ը՝ ՀՀ փաստաթղթով։

Բավրայի անցակետից 219 581 մարդ մուտք է գործել, որից 72 424-ը ՀՀ փաստաթղթով, իսկ դուրս է եկել՝ 219 671 մարդ, որից 74 378-ը ՀՀ փաստաթղթով։

Մեղրիի անցակետից մուտք է գործել 181 085 մարդ, որից 117 128-ը ՀՀ փաստաթղթով։

Գյումրու օդանավակայանից 29 831 մարդ մուտք է գործել, որից 11 610-ը՝ ՀՀ փաստաթղթով, եւ 30 259 հոգի դուրս է եկել, որից 14 215-ը՝ ՀՀ փաստաթղթով։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ ԵՆ ԿՐՊԱԿՆԵՐԸ ՆՎԻՐՎԵԼ

Դիլիջանի ոլորաններում տեղադրված եփած եգիպտացորեն վաճառքի  կրպակների վրա նկարված է «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ընկերության նշանը եւ գրված է այդ ընկերության անունը։ «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ՍՊԸ-ի ինտերնետային կայքում որպես այդ ընկերության հիմնադիր նշված է Դիլիջանում ծնված, Շվեյցարիայում ապրող Մարետա Գեւորքյանը, ով, որպես ձեռնարկատեր, միանձնյա տիրապետում է Հայաստանում գործող Evocabank-ի բաժնետոմսերի 100%-ին։ Այդ ընկերության հետ կապված կասկածելի  պատմություն կա։ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանին է դիմել «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Վարազդատ Ներսիսյանի, եւ հայտնել, որ այդ ընկերության սեփականությունը հանդիսացող, Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800 քմ մակերեսով հողամասում է գտնվում 1936 թ-ին. կառուցված Աղասի Խանջյանի ամառանոցի կիսաքանդված շենքը, որը ՀՀ կառավարության 2004 թ. դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշման համաձայն ընդգրկված է Տավուշի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան։ «Գրին ռոք մենեջմենթ գրուպը» պատրաստակամություն է հայտնել ընկերության սեփականություն  2800 քմ հողամասը, այնտեղ առկա հուշարձան հանդիսացող շենքի պահպանման եւ սպասարկման նպատակով, որպես սեփականություն անհատույց փոխանցել (նվիրել) Դիլիջան համայնքին։ Համայնքի ավագանին 2023 թ. նոյեմբերի 2-ի նիստում քվեարկությամբ հավանություն է տվել նշված 2800 քմ հողամասը ընդունելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: Սակայն 2024-ին «Գրին ռոք մենեջմենթ գրուպը» նորից դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին`  Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը (շինության ավարտվածության աստիճանը 50-80%) հիմնանորոգման եւ որպես թանգարան վերակառուցելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ իրենց տրամադրելու խնդրանքով։ Համայնքի ավագանին 2024 թ. մայիսի 10-ի թիվ 695-Ա որոշմամբ համաձայնություն է տվել վերոհիշյալ 2800 քմ հողամասում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող 966.83 քմ ընդհանուր մակերեսով Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը հիմնանորոգման եւ որպես թանգարան վերակառուցելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։ Ինչ վերաբերում է եգիպտացորենի վաճառքի կրպակներին. Դիլիջանի ավագանին 2024 թ. մայիսի 10-ի նիստում հաստատել է Երեւանի բնակիչ Լեւոն Մանուչարյանի կողմից Դիլիջան համայնքին կահավորված, տեխնիկապես զինված, եգիպտացորեն վաճառելու համար նախատեսված 25 տնակների նվիրատվությունը Դիլիջանի համայնքապետարանին։ Ինչի՞ դիմաց է Երեւանի բնակիչը 25 կրպակներ նվիրել Դիլիջան համայնքին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս