Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քննարկմանը հարցեր է քննարկել, որոնք նախ և առաջ պետք է քննարկի սեփական թիմի համար, ոչ թե երկրի։
Վարչապետը հրապարակել էր տեսանյութ և կից գրել․ «ՔՊ-ում այսօր ինքնաքննադատության օր էր. քննարկման թեմաները մեր անհաջողություններն էին հակակոռուպցիոն պայքարում, դատաիրավական ոլորտում, կադրային քաղաքականության մեջ։ Հետեւությունն այն էր, որ սխալները պետք է ուղղել «թացը չորին չխառնելու» տրամաբանությամբ»։
Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է ինքնաքննադատությանը։ Այո՛, լավ բան է ինքնաքննադատությունը, սակայն պետք է որոշել, թե որ լսարանի առաջ է պետք ելույթ ունենալ։
Իսկ ովքեր էին երեկ տեղի ունեցած քննարկմանը Նիկոլ Փաշինյանի լսարանը։
Արփի Դավոյան․ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Այժմ Արփի Դավոյանը քրեական գործով վկա է անցնում:
Արսեն Թորոսյան․ Նա անցնում է 2020-ին՝ քովիդի համավարակի ժամանակ, քովիդի դեմ պայքարի համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացված ավելի քան 26 միլիարդ դրամը ոչ միայն արդյունավետ չօգտագործելու, այլև ծախսը պատշաճ չվերահսկելու ու չպլանավորելու վերաբերյալ քրեական գործով։ Բացի սա, Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծարանի վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել։
Ալեն Սիմոնյան․ Չմոռանանք Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ քրեական գործը, երբ Ալեն Սիմոնյանը գործը քննող դատավորին ծաղիկներ էր նվիրում, իսկ որոշ ժամանակ անց ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի եւ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորմամբ գործը կարճվեց։ Սակայն հարկ է արձանագրել, որ Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, ընդունել էր մեղքը եւ իր փաստաբանի միջոցով խնդրել է դատախազությանը գործուն զղջման հիմքով կարճել հարուցված վարույթը:
Գնել Սանոսյան․ ՀՀ ՏԿԵ նախարարի թոշակառու մայրիկի 230 հազար դոլարանոց տան մասով ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություն է սկսել, սակայն ամիսներ շարունակ հրապարակված ոչ մի եզրակացություն չկա։ Ավելին՝ Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու օրինականության ստուգման գործընթացը կանգ է առել։
Ռուստամ Բաքոյան․ Պատգամավորը տարիներ շարունակ բռնության էր ենթարկել կնոջը, ծեծել և հարվածներ էր հասցրել։ Ավելի ուշ Ռուստամ Բաքոյանը պնդում էր, որ նախկին կնոջը չի ծեծել․ կապտուկների փաստն էլ չի մեկնաբանել։
Անահիտ Ավանեսյան․ ՀՀ Առողջապահության նախարար Ավանեսյանի մորը պատկանող «Ուիգմոր» ԲԿ-ում 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հակակոռուպցիոն կոմիտեն համատեղ գործողություններ էր իրականացնում ԲԿ-ում։ Բանն այն էր, որ ԲԿ-ի բացումից օրեր անց պետությունը հիվանդանոցին հատկացրել էր 600 մլն դրամ գումար։
Ահա, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ական թիմը պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարը, ինքնաքննադատությունը, իսկ կարճված բոլոր գործերն իշխանության քայլն է դեպի կոռուպցիայի դեմ պայքարի ուղղի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան