ՀՀ քաղաքացիության համար դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության կողմից անցած տարվա հոկտեմբերի 26-ի համապատասխան որոշման ընդունումից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած 4473 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

«Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ նշված ժամանակահատվածում քաղաքացիություն ստանալու դիմումների մերժում չի եղել։

Ըստ ժամանակագրության՝ ՀՀ կառավարության որոշման ընդունումից հետո մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 433, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 991, երկրորդ եռամսյակում 1187, իսկ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 10-ը՝ 1781 անձ։

«ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումներ ընդունելիս արձանագրված հիմնական խնդիրները պայմանավորված են եղել դիմումատուների ծննդյան, ամուսնության վկայականների կամ այլ ակտային գրանցում պահանջող փաստաթղթերի բացակայությամբ կամ փաստաթղթերում անհատական տվյալների անճշտությամբ, սակայն նշված խնդիրները ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության միջոցով լուծվում են և դիմումատուներից ընդունվում են քաղաքացիություն ստանալու գործեր՝ նոր կամ ճշգրտված փաստաթղթերով»,-նշեց Արմեն Ղազարյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ընթացակարգով կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ այն անձինք, ովքեր բացի ԼՂ անձնագրերից ունեն նաև այլ պետության քաղաքացիություն, ծառայության պետը պարզաբանեց, որ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի համապատասխան որոշմամբ (թիվ1864–Ն)  նրանց ժամանակավոր պաշտպանություն չի տրամադրվել, ուստի ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ  «Քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված հիմքերով և կարգով։

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած և գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում,

2) կարող է բացատրվել հայերեն լեզվով,

3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`

1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա,

2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար,

3) որը ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ,

4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:

Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ պետք է ներկայացնի ՀՀ կառավարության լիազոր մարմնին:




Լրահոս