ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով: Տեղեկությունն ArmLur.am-ին հաստատեց փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ հայտնելով, որ նախաքննության ավարտ է հայտարարվել, ու գործն ուղարկվել է դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ միակ մեղադրյալը 67 տարեկան տարեց պապիկ, ԱԺԲ անդամ Տիգրան Դրմեյանն է: Նա շարունակում է մնալ միակ մեղադրյալն ու գործը գնում է դատարան, տեսնենք, թե ինչ կլինի դատարանում:
Հիշեցնենք, որ 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։
Արդյունքում՝ մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան