Վերջերս ՀՀ դատախազությունը մեծ շուքով հրապարակեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին վերաբերող 76 դրվագով քրեական վարույթի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարին մի քանի հարց է ուղարկել՝ մասնավորապես հետաքրքրվելով.
- «արդյոք ուսումնասիրվել են «Հայկական ժամանակ»-ի հետ Մ. Մինասյանի փոխհարաբերությունները
- մասնավորապես ինչ պայմաններից կամ դրդապատճառներից ելնելով է «Պրեսս ստենդ» ընկերությունը, որը ըստ Դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանի՝ փոխկապակցված է Միքայել Մինասյանի հետ, գնել «Հայկական ժամանակ» օրաթերթի ամբողջ տպաքանակը՝ առանց վերադարձի. իսկ մյուս թերթերի դեպքում այդպիսի պայմանագիր չի եղել: Ինչ իրական պայմանավորվածություն կամ դրդապատճառ կար այդ արտոնյալ պայմանագրի հետեւում»:
Քննչական կոմիտեն այս հարցերի պատասխանը համարել է նախաքննական գաղտնիք:
«Ժողովուրդ» օրաթերթի մյուս հարցին, թե «Միքայել Մինասյանը իր՝ 2020 թվականի հունիսի 20-ի «Ստի վերջը 10» «խոհանոցային» բացահայտման ժամանակ հայտարարել էր, որ ամեն ամիս ՀԺ փոխխմբագիր Հայկ Գեւորգյանի միջոցով կոնկրետ գումար է փոխանցել ՀԺ-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանին, որ նրա ընտանիքի մասին նյութ չգրվի ՀԺ-ում. արդյոք այս դրվագով քննություն իրականացվո՞ւմ է, եւ ի՞նչ նոր հանգամանքներ կան հանրային հարթակում հնչեցված աղմկալի այս բացահայտումից հետո: Չվնասելով նախաքննությունը` ակնկալում ենք հնարավորինս ընդգրկուն պատասխաններ»:
Սակայն այս պարզ հարցին էլ ՀՀ քննչական կոմիտեն տվել է պատասխան, թե «հայցվող տեղեկությունները համարվում են նախաքննական գաղտնիք, որոնց տրամադրումը ներկայումս նպատակահարմար չէ»:
Անահիտ Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարար է դարձել 2021 թվականին եւ նշանակումից մեկ տարի անց դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը իշխանության եկել է «նախկինների» աջակցությամբ եւ միջամտությամբ։ Բանն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Անահիտ Ավանեսյանի մոր՝ Մարգարիտա Վարդանյանի մտերիմ ընկերուհին է։ Ավանեսյանը 90-ականներին հայտնի Դեղագիտական ասոցիացիայի նախագահ ու «Արֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վարդանյանի դուստրն է։ Ավանեսյանի կապերը Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական շրջանակի հետ ներկայումս, կարծես, սառեցված են, սակայն իշխանությունը նախարարի անցյալը չի մոռանում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Անահիտ Ավանեսյանի ընտանիքին պատկանող «Ուիգմոր» բժշկական կենտրոնին ՀՀ առողջապահության նախարարությունը բացումից օրեր անց 600 միլիոն դրամ՝ գրեթե 1,5 միլիոն դոլար գումար հատկացրեց։ Հարցեր առաջացան, բայց դրանք մնացին անպատասխան, քանի որ իշխանությունն այս փաստը որպես զենք է պահում՝ Ավանեսյանի սայթաքումների դեպքում օգտագործելու համար։ Անահիտ Ավանեսյանի այս փոխանցումը ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչը դեռեւս անպատիժ է մնում:
ՔՊ-ականները սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին, որպեսզի հասկանան՝ մասնակցե՞ն սեպտեմբերի 28-29-ին Մայր տաճարի Վերաօծման եւ Մյուռոնօրհնության սուրբ արարողություններին, թե՞ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթին վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ վարչապետը հրավեր ստացել է, բայց մասնակցության հարցը դեռ քննարկում են: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Փաշինյանի կառավարական կաբինետի նախարարների խոսնակներից պարզել՝ արդյոք նրանք մասնակցելու են սուրբ ծիսակատարություններին: Պարզեցինք, որ նախարարների մի մասը դեռ որոշում չունի, իսկ մյուսների խոսնակներն էլ դեռ չեն արձագանքել: Միայն ցավակցական ու շնորհավորական ուղերձներ հղող ՀՀ նախագահի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ սեպտեմբերը ծանրաբեռնված է. ուստի դեռ որոշում չկա մասնակցության վերաբերյալ: ՄԻՊ գրասենյակից մեզ եւս ասացին, որ ստացել են Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը մասնակցելու հրավեր, սակայն մասնակցության վերաբերյալ հորդորեցին հետեւել պաշտոնական լրահոսին: ՔՊ-ական պատգամավորներից մի մասի խոսքով՝ Մայր Աթոռից իրենք դեռեւս հրավեր չեն ստացել, իսկ ստանալու դեպքում չգիտեն՝ կգնա՞ն, թե՞ ոչ: Այսինքն՝ իշխանականներին անգամ եկեղեցական սուրբ արարողություններին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանի թույլտվությունն է պետք. ու հիմա ամբողջ թիմով սպասում են՝ տեսնեն իրենց ղեկավարը գնալո՞ւ է, թե՞ ոչ, նոր, ըստ այդմ, որոշում կայացնեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը, ամենայն հավանականությամբ, կկարճի Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ու «օրենքով գողի» հարազատի միջադեպի գործը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել, ու դատելով իրավիճակից՝ չի էլ հարցաքննի, եւ, ինչպես ՔՊ-ականների մասնակցությամբ բոլոր միջադեպերը, այս մեկն էլ ծածկադմփոց կարվի։
Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել: Օգոստոսի 26-ին Shamshyan.com-ը գրեց, որ Hayat Project-ի համերգի ժամանակ ներկա են եղել նաեւ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը եւ «օրենքով գողի» զարմիկը, որի հետ պաշտոնյան վիճաբանություն է սկսել այն բանի համար, որ պատվիրել է երգ՝ «Вот такав доля воровская-ն, ու մարզպետն ընդդիմացել է՝ ասելով. «Ես այստեղ՝ դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում», ու սկսվել է վիճաբանություն։ Ավելին՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ իրավապահները միջադեպից հետո մարզպետից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել: Փաստ է մեկ բան՝ նախաքննությունը շարունակվում է ու իրավապահները տրամադրված են գործը կարճելու։
Իսկ որ ՔՊ-ականները անցյալում տարբեր միջադեպերի կիզակետում հայտնվեցին ու ջրից չոր դուրս եկան, հայտնի փաստեր են։
Օրինակ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը կարճվեց։ Այսինքն՝ իշխանական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական արարքը չքննվեց, եւ պատգամավոր Աղազարյանը չպատժվեց իր խուլիգանական վարքի համար։
2022 թվականին Վայոց ձորի մարզի գազալցակայանում ծեծկռտուք էր եղել: Մասնավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել, եւ միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը: Արդյունքում «քննեցին» դեպքը ու կարճեցին։
2023 թվականին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց քաղաքացու ձեռքերը ոլորել եւ թքեց վերջինիս վրա, ու իրավապահները նրա գործողություններին իրավական որեւէ պատասխան չտվեցին։
Եվ, վերջապես, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հրապարակային սպառնալիքները ԱԺ նիստերի դահլիճում՝ «ականջ ու լեզու կտրելու» մասին, անգամ քննության չարժանացան:
Նորանոր շմայսների եւ լիսկաների դարաշրջանն է սկսվել Փաշինյանի թողտվությամբ: