Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման եւ Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ մշակութային եւ քաղաքական գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ ու զոհված տղաների հարազատներ այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։ Նրանք ծաղիկներ են խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախի համար նահատակված բոլոր հայրենակիցների համար։
«Ժողովուրդ» օրաթերթը աշխատել է տեղում եւ զրուցել հասարակական, քաղաքական գործիչների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մշակութային գործիչ Ռուբեն Հովհաննիսյանն ասել է. «միայն գերեզման եւ Եռաբլուր սարքելով չէ, պետք է մարդկանց միտքը կառուցել»։
Հարցազրույցը մանրամասն ներկայացնում ենք ստորեւ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, Արցախի հայաթափումից անցել է մեկ տարի, եւ մեկ տարի է, ինչ հայկական երկրորդ պետությունը գտնվում է օտար երկրի տիրապետության տակ: Մեկ տարի անց, վերլուծելով փաստերը, հնչած արտահայտություններն ու իրադրությունը, ի՞նչ կարող ենք արձանագրել: Ձեզ համար պա՞րզ է հիմնական մեղավորների շրջանակը: Որո՞նք են պարտվելու ու այսքան զոհեր տալու հիմնական պատճառները:
-Մեղավորները ակնհայտ են, սակայն, նրանցից զատ, մեղավորություն պետք է գտնել նաեւ մեր մեջ: Հավատացինք թուրքի խոսքին, որը մեզ պառակտեց, տարավ պարտության, ապա Արցախի կորստին: Անցած մեկ տարվա ընթացքում մեր հայրենակիցների համար ոչ մի բարոյահոգեբանական քայլ չարվեց: Միայն գերեզման, Եռաբլուր սարքելով չէ, մարդկանց միտքն ու հոգին է պետք կառուցել, ու ամենօրյա աշխատանքով վառ պահել այն հույսը, որ տունդարձի հնարավորություն դեռ կա….Ցավալի է, շատ ցավալի….:
-Փաստորեն, իրատեսական եք համարում այն տեսլականը, որ թեկուզ տարիներ անց Արցախ վերադարձի հնարավորություն կլինի:
Արցախի իշխանությունները նշում են, որ ճիշտ բանակցությունների դեպքում դա հնարավոր կլինի, իսկ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դա անիրատեսական է:
-Ես գրեթե ամենուրեք խոսում եմ Արցախ վերադարձի մասին եւ հավատում եմ դրան: Ինձ շատերն հակադարձում են, թե հեքիաթ եմ ասում:
Մանկությունից որքան հեքիաթ որ ինձ պատմել են, կամ ես կարդացել եմ, բոլորն իրականացել են, ուրեմն՝ թող սա էլ լինի իմ հեքիաթը, որը կիրականանա. իսկ նրանք, ովքեր չեն հավատում, թող չխանգարեն մեր երազանքների իրականացմանը՝ մեր տունդարձին, քանի որ միեւնույնն է լինելու է: Ես հավատում եմ դրան:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
«ԵՐԵՎԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԻՏԻ ՀԱՆԴԻՊԵԻՆՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ»
-Ես խոնարհվում եմ ձեր առջեւ, սիրելի արցախցի քույրեր եւ եղբայրներ, ամոթ եմ զգում ձեր առջեւ, – այս մասին Սուրբ Խաչ եկեղեցում, դիմելով արցախցիներին, ասաց Բագրատ Սրբազանը:
«Ամոթ եմ զգում, որ չեմ կարողացել տեր կանգնել այն հերոսական կյանքին, որ դուք եք դրել: Ամոթ եմ զգում, որ այստեղ՝ Երեւանի սրտում եմ ձեզ հանդիպում, մինչդեռ մեզ համար մի մեծ տոնախմբություն կդառնար՝ Ստեփանակերտում Շուշիում, Գանձասարում եւ Ամարասում միասին հանդիպեինք», – ասաց նա:
ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱԹԱՓՎԵՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ
Ադրբեջանի ներխուժում Արցախի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից մեկնարկված լայնամասշտաբ ռազմական ագրեսիա՝ ընդդեմ Արցախի Հանրապետության, որը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, եւ ուղեկցվել հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով։
Հարձակումը սկսվել է զանգվածային հրթիռա-հրետակոծությամբ, ապա օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր, որին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ընթացել են ինտենսիվ մարտեր։ Իբրեւ թե առաջնահերթ թիրախներ են ընտրվել տարբեր ռազմական օբյեկտները, որոնց ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացվել։ Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ։
Հրետակոծովել են մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներն ու գյուղերը։ Մարտական գործողություններ են սկսվել շփման գծի ողջ երկայնքով։ Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղել ճակատի տարբեր ուղղություններում, մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է ադրբեջանական բանակի մխրճումը։ Ադրբեջանական կողմը տարբեր վայրերում թիրախավորել էր կապի ամբողջական համակարգը։ Բացի ռազմական օբյեկտներից, հրետանու, անօդաչու թռչող սարքերի, եւ որոշակի հրթիռային համակարգերի միջոցով թիրախավորվել են նաեւ քաղաքացիական տարբեր օբյեկտներ։ Ադրբեջանական զինված ուժերը, շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն, փորձել են առաջանալ Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի պաշտպանության խորքը։ Հայկական զորքերը ցուցաբերել են համառ դիմադրություն, սակայն մեր կողմից եւս եղել են վիրավորներ։
Հարձակմանը նախորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից կեղծ տեղեկատվության տարածում ականապատման եւ դիվերսիոն գործողությունների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Արցախի Հանրապետության տարածքում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, սկսում է տեղային բնույթի «հակաահաբեկչական միջոցառումներ՝ սահմանադրական կարգի վերականգնման նպատակով»։ Ձեռնարկված միջոցառումների մասին, ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության, տեղեկացվել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ինչպես նաեւ համատեղ գործող՝ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է ադրբեջանական կողմից իրազեկված լինելու փաստը։
Արցախի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ Ադրբեջանը ցանկացել է Արցախում իրականացնի հայերի էթնիկ զտում եւ վարում է ցեղասպան քաղաքականություն։