ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման եւ վերադարձի անվիճելի իրավունք, իրավունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած տեւական խաղաղության համար:

 

Ասված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարության մեջ.

«Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների եւ ցեղասպանության հետեւանքով Լեռնային Ղարաբաղից` իրենց նախնիների հողերից վտարված ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանման մեկ տարին: Այս ծանր տարեդարձին մենք հարգում ենք արմատախիլ արված կյանքերն ու հիշում վերապրած ցավալի իրադարձությունները։ Սա դաժան հիշեցում է, որ այս ճգնաժամը հեռու է ավարտից, իսկ արդարությունը՝ դեռեւս անհասանելի: Վերադարձի իրավունքը պետք է լինի իրացվող ջանքերի առաջնագծում:

Բաքվի ապամարդկային հռետորաբանությամբ եւ ցեղասպան մտադրություններով խթանված զանգվածային բռնի տեղահանումը, որը նշանավորվեց ինամսյա ավերիչ շրջափակմամբ եւ բացահայտ ռազմական ագրեսիայով, միջազգային իրավունքի ակնհայտ խախտում էր: Ադրբեջանը ձգտել եւ իրագործել է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի զանգվածային ոչնչացումը՝ մի ամբողջ քաղաքակրթություն հեռացնելով իր հայրենիքից եւ պարտավորություն ստանձնելով ոչնչացնել նրա քաղաքական, մշակութային եւ կրոնական ներկայության եւ հիշողության բոլոր մնացորդները:

Սա անընդունելի է։ Սա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի հազարամյա շարունակական ներկայության պատմական խաթարում է։

Տեղահանված ժողովուրդները հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք ունեն. այս սկզբունքը վերահաստատել Է ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերյան որոշմամբ՝ Ադրբեջանից պահանջելով ապահովել 2023 թվականի սեպտեմբերից հետո բռնի տեղահանվածների անվտանգ եւ անարգել վերադարձը:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման եւ վերադարձի անվիճելի իրավունք, իրավունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած տեւական խաղաղության համար: Մենք մերժում ենք ցանկացած վարկած, որը ենթադրում է, որ ճգնաժամն ավարտվել է միայն այն պատճառով, որ հայ բնակչությունը բռնի տեղահանվել է։ Իսկական խաղաղությունը չի կարող կառուցվել մի ամբողջ ժողովրդի հարկադրանքի կամ ոչնչացման վրա։ Տեղահանված անձանց իրավունքները պետք է հարգվեն, իսկ նրանց վերադարձը ապահովվի միջազգային պաշտպանության ներքո:

Վերջին վեց ամիսների ընթացքում, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հետամուտ է եղել վերադարձի եւ ինքնորոշման իրավունքի խթանման իր մանդատի իրագործմանը։ Հանձնախումբը համագործակցել է միջազգային առանցքային դերակատարների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության եւ տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ՝ մշտապես ընդգծելով տեղահանված բնակչության անվտանգ եւ հավաքական հայրենադարձության անհրաժեշտությունը: Այս ջանքերի շնորհիվ հարցը շարունակում է մնալ միջազգային օրակարգում, եւ այդ նպատակների համար կա զգալի միջազգային աջակցություն. աջակցություն, որն այժմ կախված է Հայաստանի կառավարության ակտիվ առաջնորդությունից:

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ վճռական գործողություններ ձեռնարկել այս կարեւորագույն ուղղությամբ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում։ Առանց վերադարձի իրավունքի չի կարող լինել կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել այս գործին։ Սակայն Հայաստանի կառավարությունը պարտավոր է վճռականորեն եւ հաստատակամորեն պաշտպանել վերադարձի իրավունքը։

Այս հարցի շուրջ Հայաստանի կառավարության լռությունը ոչ միայն խաթարում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքները, այլեւ վտանգում է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ անվտանգությունը:

Խաղաղությունը պահանջում է մարդկային արժանապատվություն, իսկ մարդկային արժանապատվությունը միշտ արմատավորված է մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման մեջ»:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբ

 

 

ՀԱՅՑ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ

Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակումից եւ ավելի քան 100,000 հայերի տեղահանումից մեկ տարի անց Գեղամ Ստեփանյանի ու Արտակ Բեգլարյանի կողմից հայց է ներկայացվել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար:

 

Թուֆենկյան հիմնադրամի եւ «Արցախի աջակցության միության» համագործակցությամբ միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը եւ Կատալինա դե լա Սոտան ներկայացնում են Արտակ Բեգլարյանին եւ Գեղամ Ստեփանյանին: Նրանք զբաղեցրել են Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը եւ եղել են իրենց հայրենիքից տեղահանված ավելի քան 100,000 մարդկանց մեջ:

Հայցի մեջ ընդգծվում է, որ նրանք ստիպված էին տառապել սննդի եւ առողջապահական օգնության բացակայությունից, որը հարուցվել էր 2022թ. դեկտեմբերին սկսած Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակման հետեւանքով: Դրան հաջորդեց Ադրբեջանի զինված ուժերի հանկարծակի ագրեսիան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին եւ բնակչության բռնի տեղահանությունը:

Մի խումբ այլ ղեկավարներ եւ բնակիչներ, որոնք չկարողացան դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, ձերբակալվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ պահվում են անազատության մեջ: Նրանք ենթարկվում են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի, ինչպես նաեւ զրկված են ընտանիքների ու փաստաբանների հետ պատշաճ հաղորդակցության հնարավորությունից:

Ֆրանսուա Զիմերեյի եւ Կատալինա դե լա Սոտայի կարծիքով՝ «Ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ բնակչության՝ իրենց հայրենիքից ու տներից բռնի զրկման փաստը: Աշխարհը պետք է մերժի այս վայրագությունը, որը մեր ներկայացրած հայցի նպատակն է»:

Հայցը ներկայացվել է որպես «հաղորդում»՝ համաձայն Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածի, որը հնարավորություն է տալիս դատախազին հետաքննություն սկսել ներկայացված տեղեկությունների հիման վրա: Փաստաբանների խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությունն ունի մարդկության դեմ հանցագործության բոլոր հատկանիշները: Այն եղել է անձանց բռնի տեղահանում նրանց օրինական բնակության վայրից՝ որպես լայնամասշտաբ ոտնձգություն քաղաքացիական բնակչության դեմ՝ ամբողջովին գիտակցելով դրա հետեւանքները: Բոլոր պայմաններն առկա են, որ այդ հանցագործությունների պատասխանատուները արդարադատության ենթարկվեն միջազգային քրեական իրավունքի շրջանակներում»:

 

 




Լրահոս