ՍՊԻՏԱԿՑԻ ՀԱՅԿՈՅԻ ՈՐԴԻՆ ՉԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորման հարցը հասավ վճռաբեկ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ Գլխավոր դատախազությունը դիմել է վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: Արդյունքում, վճռաբեկ դատարանը մերժեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

 

Ասել է թե՝ ՀՀ բոլոր դատական ատյանները՝ առաջին ատյանը, ՀՀ վերաքննիչ ու վճռաբեկ դատարանները, մերժեցին իրավապահների՝ հայտնի երգչի որդու կալանավորելու միջնորդություններն ու բողոքները։

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը եւս մերժեց դատախազության բողոքը Հրաչյա Ղեւոնդյանի կալանավորման մասով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին։

Մեզ հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել էր հայտնի երգչի որդու ազատ արձակման որոշումը եւ դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչը եւս գործը կալանքի չտարավ, քանի որ հիմքեր չկային, իսկ հիմա գլխավոր դատախազը դիմել է Վճռաբեկ դատարան. տեսնենք, թե ինչ է սպասվում հայտնի երգչի որդուն:

Ինչպես հայտնի է՝ մայիսի 23-ին Հրաչյա Ղեւոնդյանն ազատ էր արձակվել առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը։

Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը Սպիտակցի Հայկո անունով հայտնի երգիչ Հայկ Ղեւոնդյանի որդուն. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից. «Այստեղ մի ելք կա՝ մտնենք՝ կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք ոստիկանության շենք՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնելեւ, ցավդ տանեմ, պիտի կրակեն թող կրակեն, ավելի լավ է մի 10-20 մարդ մեռնի, բայց, ընկեր, երկիր պահես (խմբ.)»:

Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղեւոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթելու իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաեւ հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը:

Ղեւոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որեւէ մտադրություն չի ունեցել:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՎԿԱՅԱԿԱՆ՝ ԿԱՇԱՌՔԻ ԴԻՄԱՑ. ՔՐԳՈՐԾԵՐ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների եւ դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական եւ այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրանցման-հաշվառման եւ քննական կենտրոններից մեկի տեսուչ Վ. Հ.-ն, նույն կենտրոնի պետ Ա. Պ.-ի հետ խմբի կազմում, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ առանձին, իր մտերիմ Գ. Հ.-ի միջոցով, վարորդական վկայական ստանալու համար դիմած 25 անձանցից ձեւական բնույթ կրող տեսական եւ գործնական քննություններ ընդունելու դիմաց, պարբերաբար ստացել է տարբեր չափերի, ընդհանուր՝ շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես, հիմնավորվել է, որ Ա. Պ.-ն եւ Վ. Հ.-ն, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով 25 անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ համապատասխան գիտելիքների եւ հմտությունների բացակայության պայմաններում նրանց վարորդական վկայական տալու համար անհրաժեշտ տեսական եւ գործնական քննությունները կազմակերպելու դիմաց, Վ. Հ.-ի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Գ. Հ.-ի միջոցով 2023 թվականի փետրվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ստացել են 180.000-ից 320.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Վ. Հ.-ն վերը նշված նույն ժամանակահատվածում իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական եւ ծառայողական շահերի, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիքներ, իսկ չորս դեպքերով՝ դրդել է պաշտոնատար անձանց չարաշահել իրենց ծառայողական լիազորությունները:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Պ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով /19 դրվագ/, Վ. Հ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով /19 դրվագ/, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /6 դրվագ/, 441-րդ հոդվածի 1-ին մասով /21 դրվագ/, 46-441-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/ եւ 445-րդ հոդվածի 1-ին մասով /25 դրվագ/, իսկ Գ. Հ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3- րդ կետով /25 դրվագ/ եւ 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/:

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաեւ Ա. Պ.-ին եւ Վ. Հ.-ին կաշառք տված անձանց: Հիշյալ բոլոր մեղադրյալների վերաբերյալ քննված երեք տարբեր վարույթներով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

 

ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

Դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ բանտարկյալ Նարեկ Մալյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել։

Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ չորս տարի ժամկետով: Նա ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։ Ապրիլի 12-ին դատարանը Մալյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել մեկ տարվա ազատազրկման։

 

 

 

ԿԻԵՎՅԱՆ ՓՈՂՈՑԻՑ ՄԱՐԴ ԵՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 18-ին խառնաշփոթ իրավիճակ է եղել Բարեկամությունից դեպի Կիեւյան փողոց ճանապարհին։

Ըստ ականատեսների՝ 4 կամ 5 անձ ծեծի են ենթարկել մի երիտասարդի, նստեցրել մեքենան եւ առեւանգել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քաղաքացիների ահազանգի հետքերով գնացել են ու պարզել, որ սեպտեմբերի 4-ին Դ.Ս-ն Ռ.Բ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ վերջինս պետք է ապահովի պատուհանի ապակյա փաթեթներ, որի համար Դ.Ս.-ն վճարել է 455.000 դրամ եւ պարտք է մնացել 255.000 դրամ, սակայն փաթեթների պատրաստ չլինելու պատճառով՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20։00-ին, Կիեւյան փողոցի 11 հասցեում մի խումբ տղաներ հանդիպել են, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք, ու վերոնշյալ հասցեից առեւանգել են միջադեպի մասնակիցներից մեկին՝ Դ.Ս.-ին։

Արդյունքում՝ ֆիզիկական եւ հոգեկան ներգործություն, ինքնիրավչություն եւ մարդու առեւանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ռ.Բ.-ն, Ա.Բ.-ն եւ Հ.Հ.-ն, իսկ խմբի մյուս անդամներին փնտրում են։

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունը, Գյումրիի Երեւանյան խճուղու հասցեներից մեկի մոտ թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով հայտնաբերել, ձերբակալել եւ բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,65 գրամ դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Տղամարդը հայտնել է, որ կաթուցիչում թմրանյութ է, պատրաստել է անձնական օգտագործման համար:

Գյումրիի բնակիչ 48-ամյա տղամարդը հայտնաբերվածի եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

 

 

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 112 ԴԵՊՔ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 17-ից 18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է խարդախության, անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու եւ այլ հանցագործությունների 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 3 հետախուզվող եւ 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

 




Լրահոս