ԿԳՄՍ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի վերջին 10 տարիների գլխավոր հաշվապահը նախորդ տարեսկզբին նշանակվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր քարտուղարը։

 

Գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելիս պաշտոնատար անձի հաստիքը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում Հակոբյանը 1,5 ամիս աշխատելու համար ստացել է 2 մլն 219 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, իսկ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարի պաշտոնում վարձատրվել է ընդամենը 10 մլն դրամ։

Գլխավոր հաշվապահ եղած տարիներից 2020 թականին Հասմիկ Հակոբյանը ձեռք է բերել անհատական բնակելի տուն, գրեթե անհավանական՝ 45 մլն դրամով, որը իրենց թույլ չեն կարող տալ որոշ պետական պաշտոնյաներ։

Հակոբյանը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։

Գլխավոր քարտուղարի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 700 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 1 հազար դրամ։

2023  թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 466 հազար դրամ, որից 10 մլն 148 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, 2 մլն 200 հազար դրամը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկից, իսկ 118 հազար դրամը՝ «ՔԼԵՎԸՐ ՏԵՔ» լոգիստիկ ընկերությունից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 43 մլն դրամ։

Հասմիկ Հակոբյանի ամուսնու՝ Վարդան Սարգսյանի հայտարարագրից հասկանում ենք, որ նշված անհատական բնակելի տունը գտնվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում։

Հակոբյանի ամուսնու՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 5 մլն 22 հազար դրամ, որը երեք կազմակերպություններից՝ «ՖԻՇՄԵՆ ԻՄՊՈՐՏ», «ԱՐՏՖԱՐՄ», «ՔԼԵՎԸՐ ՏԵՔ» ընկերություններից ստացած աշխատանքի վարձատրությունն է։

Հետաքրքիրն այն է, որ Վարդան Սարգսյանի հայտարարագրում ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն դրամ, որը նույն բնակարանի հիփոթեքն է։

Անհասկանալի է, թե ինչպես է նույն օրը նույն տեղում ձեռք բերված բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորը կնոջ հայտարարագրում կազմել 43 մլն դրամ, իսկ ամուսնու հայտարարագրում՝ 27 մլն դրամ։

Հասմիկ Հակոբյանը մշտապես կատարել է հաշվապահական աշխատանքներ։ 2000 թվականից եղել է «Որդան կարմիր» ՍՊԸ-ի հաշվապահը, ապա «Անտարես» ՍՊԸ-ի հաշվապահը։

Հաշվապահական 2-3 տարվա փորձ ունենալով՝ Հակոբյանը նշանակվել է  «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկ որպես հաշվապահ, աշխատելով 10 տարի այս պաշտոնում՝ հետագայում ստանձնել է գլխավոր հաշվապահի պաշտոնը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԿՏԻՎՆԵՐՆ ՈՒՂՂԵԼ ԱՐՑԱԽԻ ՖՈՆԴԻՆ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, ով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարումն ունի Սենատի առաջիկա ընտրություններին ընդառաջ, ներկայացրել է երկկուսակցական օրենսդրական նախագիծ՝ Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավելու եւ դրանք «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» փոխանցելու համար, որը պետք է ստեղծվի ցեղասպանական էթնիկ զտումների արդյունքում` Արցախից բռնի կերպով տեղահանված հայերին կորցրած եկամուտների համար փոխհատուցումներ տրամադրելու նպատակով։

 

Ադամ Շիֆը, օրինագիծը ներկայացնելիս, մասնավորապես, հայտարարել է.  «Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները հումանիտար աղետ են ստեղծել եւ հավասարազոր են էթնիկ զտումների։ Մենք պետք է ապահովենք, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, եւ արցախցիները փոխհատուցումներ ստանան իրենց հսկայական կորուստների դիմաց։ Իմ նախագիծը կապահովի արդարություն եւ ֆինանսական փոխհատուցման մեխանիզմ նրանց համար, ովքեր Ադրբեջանի ագրեսիայի պատճառով կորցրել են ամեն ինչ»։

Մեկնաբանելով նախագիծը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է. «Մենք միանում ենք կոնգրեսական Շիֆին՝ ձգտելով համապատասխան ԱՄՆ նախագահի լիազորություններին՝ բռնագրավել ադրբեջանական ակտիվները եւ դրանք փոխանցել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին»՝ Արցախի եւ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցագործությունների համար արդարադատություն ապահովելու համարձակ նախաձեռնությանը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ազգային խորհուրդը, տարածաշրջանային մարմինները եւ տեղական մասնաճյուղերը հպարտ են, որ սատարում են Ադամ Շիֆին՝ մեր համայնքի երկարամյա բարեկամին Կալիֆոռնիայից ԱՄՆ Սենատի անդամի համար նրա պայքարում եւ խրախուսում ենք «Ոսկե նահանգի» ամերիկահայերին քվեարկել եւ կամավորորագրվել նրա քարոզարշավին։

Օրինագրծի անցկացումն ապահովելու համար Հայ դատի հանձնախումբը սկսել է համագաղութային արշավ։

Շիֆին, որպես երկկուսակցական օրինագծի սկզբնական հովանավորներ, միացել են Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը եւ ներկայացուցիչներ Գեյբ Ամոն, Ջոյս Բիթին, Ջիմ Կոստան, Ան Էշուն, Ջոշ Գոթհայմերը, Դագ Լա Մալֆան, Սեթ Մագազիները, Ջեյմս Մըք Գովերնը, Գրեյս Մենգը, Քեվին Մուլինը, Գրեյս Նապոլիտանոն, Էլեոնոր Հոլմս Նորթոնը, Յան Շակովսկին, Լինդա Սանչեսը, Բրեդ Շերմանը, Դինա Տիտուսը եւ Լորի Թրահանը:

Արցախի եկամուտների վերականգնման ակտը նպատակ ունի պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին՝ ըստ հետեւյալի.

  • Ադրբեջանի կառավարությանը պարտադրել փոխհատուցում տրամադրել էթնիկ զտման ենթարկված հայերին:
  • «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամի» ստեղծում՝ կորսված գույքի եւ բիզնեսի եկամուտների փոխհատուցման նպատակով։

Եթե Ադրբեջանը հրաժարվի, ապա օրինագիծը թույլ է տալիս կալանք դնել ԱՄՆ-ում Ադրբեջանի ինքնիշխան ակտիվների վրա՝ այդ վճարումները կատարելու համար։

Հատկանշական է, որ օրինագիծը վերահաստատում է Արցախի հայերի վերադարձի եւ նրանց սեփականության տիրապետման իրավունքները։ Ակտիվների առգրավման միջոցով փոխհատուցումը չի վերացնի հայկական գույքի սեփականության հանգամանքը՝ ապահովելով, որ հայերը կարողանան վերականգնել իրենց տները եւ բիզնեսները:

 

 

 

ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Սեպտեմբերի 17-ին` ժամը 17։00-ի սահմաններում, Տավուշի մարզի Իջեւան համայնքի Սարիգյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհի կառուցման ընթացքում պայթյուն է իրականացրել, որի հետեւանքով քարի բեկորը շպրտվել ու հարվածել է նշված ընկերության աշխատակից, Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Էդգար Նազարյանի գլխին, ով տեղում մահացել է։ Էդգար Նազարյանը սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ էր, Կոթիից տեղեկացանք, որ ընտանիքը Աբովյանում է բնակվում, Էդգարը այդ ճանապարհի կառուցման ժամանակ շինարարական տեխնիկա է աշխատեցրել։ Պայթյունի ժամանակ, մի քանի հոգով բլրի վրա կանգնած՝ հետեւել են պայթյունին։ Ակնհայտ է , որ տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտում, պայթյունի ժամանակ բոլոր աշխատողները պետք է գտնվեին անվտանգ հեռավորությամբ, անվտանգ տեղ թաքնված լինեին։ Էդգար Նազարյանն ամուսնացած էր, ունի փոքր աղջիկ։ Նրա հուղարկավորությունը կկայանա սեպտեմբերի 20-ին սահմանամերձ Կոթիում։

 

 

33 ՀԶՐ ԴՐԱՄՈՎ ՀՈՂԱՄԱՍ Է ՕՏԱՐՎԵԼ

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի` 2024թ. հուլիսի 25-ի թիվ 847-Ա որոշմամբ 2024թ. օգոստոսի 26-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 55.7քմ հողամասը, Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի 1-ին փողոց, թիվ 8/1 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 33 420 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 33 420 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւան քաղաքի, Խաչատրյան փողոց, 27/1 շենք, թիվ 9 բնակարանի բնակիչ Արմեն Հովեսյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 10 արձանագրությունը: Օգոստոսի 28-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 10 արձանագրությունը եւ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից վերոհիշյալ 55.7քմ մակերեսով հողամասը բնակելի կառուցապատման նպատակով օտարել Երեւան քաղաքի բնակիչ Արմեն Հովեսյանին: Աղավնավանքը Դիլիջան քաղաքից հեռու է 26 կմ, այդտեղ հողամասերի շուկայական գները բարձր են։ List. am կայքում վաճառքի են դրված Աղավնավանքում 650 քմ մակերեսով 2 հողամասեր, որոնցից մեկի գինը նշված է 32 հազար դոլար, մյուսինը 37 հազար դոլար։ Դիլիջան քաղաքի, համայնքի հասարակական կառուցապատման հողամասերը ձեւական աճուրդներով օտարվում են Երեւանի, Վանաձորի, Իջեւանի, Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներին։ Այդ ձեւական աճուրդների հետեւանքով համայնքի բյուջե չեն մտնում հսկայական գումարներ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս