ՓԱՌԱՏՈՆՆ ԱԶԴԱՐԱՐԵԼ Է ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որով էլ ազդարարվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 19-րդ համերգաշրջանի բացումը:

 

Մինչեւ հոկտեմբերի 28-ը շարունակվող փառատոնը 5 սիմֆոնիկ համերգ կպարգեւի դասական երաժշտության սիրահարներին, այդ թվում` Հայաստան այցելող զբոսաշրջիկներին։

Համերգային երեկոյին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Հայաստան ժամանած՝ ֆրանկոֆոնիայի խաղերի կազմկոմիտեի պատվիրակության անդամները։

«Արմենիա» 8-րդ միջազգային փառատոնի բացման համերգի ծրագրում հնչել են Գրիգոր Եղիազարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը, Ալեքսեյ Շորի Դաշնամուրի կոնցերտը՝ «Ճամփորդական նոթատետր», եւ Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Շորի եւ Ռախմանինովի դաշնամուրային կոնցերտները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է դաշնակահար Եկվոն Սունվուն։

Եկվոն Սունվուն Երեւան էր այցելել եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ էր ունեցել նաեւ 2023 թվականին։ Դաշնակահարը նկատում է, որ Սիմֆոնիկ նվագախմբի եւ մաեստրո Սմբատյանի հետ համագործակցության լավ փորձ ունի, եւ իր համար հաճելի է Սիմֆոնիկ նվագախմբի ու նրա ղեկավարի հետ համատեղ աշխատանքը։

Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտն ամենահայտնի դաշնամուրային ստեղծագործություններից է, եւ դաշնակահարի խոսքով՝ միշտ հաճելի է ընկղմվել այդ գեղեցկագույն երաժշտության մեջ ու ներկայացնել սեփական հույզերը։ Անդրադառնալով Ալեքսեյ Շորի «Ճամփորդական Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան նոթատետր» կոնցերտին՝ Եկվոն Սունվուն նկատում է, որ ստեղծագործության անվանումն արդեն խոսում է երաժշտության մասին։ Շորի կոնցերտի հնչյուններն ունկնդրին ու կատարողին շատ սահուն տեղափոխում են մի վայրից մյուսը՝ փոխանցելով հեղինակի զգացումներն ու ապրումները։ Համերգից առաջ մենակատարը հույս հայտնեց, որ համերգասրահում ներկաները մեծ բավականություն կստանան ծրագրից։ Իսկ ունկնդրի վերաբերմունքը երեկոյի ընթացքում արտահայտվում էր բուռն ու չդադարող ծափերով։

Նշենք նաեւ, որ Եկվոն Սունվուն դաշնամուրի վարպետության դասեր է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների համար։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին։ Համերգային ծրագրում ներառված են Էդվարդ Միրզոյանի, Ալեքսեյ Շորի եւ Կամիլ Սեն-Սանսի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Նաբիլ Շեհատան։

«Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

 

 

 

«ԱԶՆԱՎՈՒՐԻ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԱՏՐՈՆԸ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Գրականության եւ արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից գործում է «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։ Շարքի մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են ցուցահանդես, շրջայց կատարել թանգարանում եւ հանգամանորեն ծանոթացել ներկայացված ցուցանմուշների պատմությանը:

Նշենք, որ ցուցադրության առանցքային մաս է կազմում բացառիկ նմուշ հանդիսացող Ազնավուրի առաջին բեմական զգեստը։ Այս ցուցանմուշի կողքին ներկայացված են նաեւ մեծն շանսոնյեի մանկության լուսանկարները, ներկայացումների ազդագրերը։

 

 

 

ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Իտալիայի Մանտուա քաղաքի BLOOM ROOM Laboratory ցուցասրահում բացվել է ցուցահանդես, որն իտալաբնակ հանրությանը կներկայացնի 11 հայ ստեղծագործողների աշխատանքները։

GET in TOUCH խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվել են Հրաչյա Վարդանյանի, Ալբերտ Վարդանյանի, Էդգար Գրիգորյանի, Հարություն Կարապետյանի, Կարեն Բարսեղյանի, Մկրտիչ Մաթեւոսյանի, Նորայր Կասպերի, Նվարդ Երկանյանի, Գուրգեն Գինոսյանի, ինչպես նաեւ EksyLeathergoods-ի, Muscari Association-ի եւ Family Care Foundation-ի (համատեղությամբ)՝ ստեղծագործական նախագծերը։ Ցուցահանդեսի համադրողն է Ավետիք Վարդանյանը, պրոդյուսերները՝ Հրաչյա Վարդանյանը, Անդրեա Միլսը եւ Բենեդետա Օմբրոնին։

«Պատմության ընթացքում մարդկությունը ձգտել է հասկանալ ժամանակի ֆենոմենը եւ կանխատեսել ապագան աշխարհաճանաչողությամբ, ծիսական արարողակարգերի ու աստղադիտումների միջոցով։ Սա հանգեցրեց օրացույցների ստեղծմանը, որոնք ժամանակին կրում էին խոր ոգեղեն ու մշակութային նշանակություն։ Այս հնագույն արտեֆակտները ավելին էին, քան ունեն ժամանակակից օրացույցները, սրանք ժամանակի ճանաչման սրբազան քրատեզներ էին, նախատեսված հասկանալ այն, «… ինչ եղել է, կա ու դեռ պիտի գա»: Յուրաքանչյուր արվեստի գործ, որ ստեղծվել է համընդհանուր ժամանակային տարածության մեջ, դեր է խաղում ապագայի ձեւավորման վրա։ Այն դառնում է անցյալը, ներկան ու ապագան կապող օղակ։ Ստեղծագործությունները օգնում են մեզ ավելի լավ ճանաչել մեր սեփական ժամանակը՝ հնարավորություն տալով վերանայել անցյալը, գնահատել ներկան եւ կանխատեսել ապագան», – ցուցահանդեսի մասին նշում են Ավետիք եւ Հրաչյա Վարդանյանները։ Նշենք, որ այն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքում։

Ցուցահանդեսը GALIQUE Art Space-ի, ArtInsight հարթակի, BLUE X-ի եւ BLOOM ROOM Laboratory-ի համագործակցության արդյունքն է։ Հավելենք, որ ցուցահանդեսը կտեւի մեկ ամսից ավելի։

 

 

ՎԱՃԱՌՔԻ ԵՆ ՀԱՆՎԵԼ «ՆՈԱ» – «ՄԼԱԴԱ ԲՈԼԵՍԼԱՎ» ԽԱՂԻ ՏՈՄՍԵՐԸ

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում Երեւանի «Նոան» հոկտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ։

Խաղի տոմսերն արդեն վաճառքում են եւ հասանելի են tickets.noahfc.am կայքում։

Հիշեցնենք, որ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ դուրս եկավ՝ սահմանելով մի շարք ռեկորդներ։ Երեւանյան թիմը եվրոպական 50 թիմերից միակն էր, որը, պայքարը սկսելով որակավորման առաջին փուլից, հաղթահարեց 4 փուլ։ «Նոան» նաեւ ընթացիկ մրցաշրջանի որակավորման փուլերի ամենախոշոր հաշվով հաղթանակը տարավ՝ 7։0 հաշվով հաղթելով Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին»։

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում «Նոան» առաջին խաղը կանցկացնի Երեւանում՝ հոկտեմբերի 3-ին մրցելով չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ: Հոկտեմբերի 24-ին երեւանյան թիմը կհյուրընկալվի ավստրիական «Ռապիդին», իսկ նոյեմբերի 7-ին` Լոնդոնի «Չելսիին»:

Նոյեմբերի 4-ին «Նոան» կընդունի Ռեյկյավիկի «Վիկինգուրին», դեկտեմբերի 12-ին՝ Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին, իսկ Լիգայի փուլի վերջին խաղում դեկտեմբերի 19-ին կհյուրընկալվի սերբական «Բաչկա Տապոլային»:

 

 

 

ՍՊԵՐՑՅԱՆԸ՝ ՌԴ ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Transfermarkt-ի մասնագետները թարմացրել են Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։

«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ եւ նա «Զենիթի» կիսապաշտպան Վենդելի հետ միասին շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը։ Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո:

Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքը եւս մնացել է անփոփոխ եւ կազմում է 1 մլն եվրո։

«Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6,5 մլն եվրո, թիմի նորեկ Էդգար Սեւիկյանի տրանսֆերային արժեքը՝ 2 մլն եվրո։

Հայաստանի հավաքականի եւ «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը եւս չի փոխվել եւ կազմում է 1,5 մլն եվրո։

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 մլն եվրո։

 




Լրահոս