Բեյրութին երեկ իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, 60-ից ավելի մարդ վիրավորվել է:
ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ թիրախում են եղել Լիբանանում գործող «Հըզբոլլահ» շարժման օբյեկտները: Իսրայելական կողմը նաև հայտնել է շարժման հրամանատարների ոչնչացման մասին: «Հըզբոլլահը» հաստատել է՝ ռազմական երկու ղեկավար և շարժման 10-ից ավելի անդամ է սպանվել:
ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ ոչնչացված հրամանատարները ծրագրում էին հարձակվել Իսրայելի հյուսիսային տարածքների վրա՝ ինչպես ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին, սակայն իսրայելական ուժերին հաջողվել է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Իսրայելի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին խոստացել է, որ իր երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած անձ պատիժ կկրի:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ պատերազմի նոր փուլ է սկսվում, ՑԱՀԱԼ-ն այսուհետ ուշադրությունը կենտրոնացնելու է Լիբանանի հետ սահմանի ուղղությամբ: Յոավ Գալանտի խոսքով՝ հյուսիսային ճակատ նոր ուժեր են տեղափոխվում՝ պայքարելու «Հըզբոլլահ» շարժման դեմ և ապահովելու, որ անվտանգային նկատառումներով տեղահանված իսրայելցիները վերադառնան իրենց տներ:
«Հըզբոլլահի» առաջնորդն էլ նախազգուշացրել է, որ շարժումը համապատասխան արձագանք կտա: Հասան Նասրալլան հայտարարել է՝ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը, ինչի հետևանքով մեծանում է պատերազմ հայտարարելու հավանականությունը: