«Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել՝ վերջինիս հասցեագրվող մեղադրանքը համարելով ապօրինի:
«Մեղադրանքը չի բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից, իսկ խափանման միջոց կալանավորման համար առկա չեն պատշաճ ռիսկեր։ Քրեական հետապնդումը համարում ենք ոչ իրավաչափ։ Միաժամանակ չենք շտապում մեղադրանքի մեջ տեսնել քաղաքական կոմպոնենտ։
Մեր ընկալմամբ իրավապահ մարմինների առանձին պաշտոնյաներ ցանկացել են ընդգծել իրենց ծառայողական նվիրվածությունը և քաղաքական իշխանության համար «բացահայտել են» իշխանության յուրացման հանցանքի նախապատրաստություն։ Գործի քննությանը չխոչընդոտելու նկատառմամբ սա առայժմ մեր միակ հայտարարությունն է»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ի կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով կալանավորված անձանցից մեկն ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրն է՝ Սերոբ Գասպարյանը:
Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը և նրա որդին զոհվել են հանուն հայրենիքի մղված մարտերում։ Այս ցավալի և ողբերգական դեպքից հետո նրա եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, պարբերաբար հարցազրույցներ է տալիս լրատվամիջոցներին և խոսում՝ ընդդեմ իշխանության։
Հիշեցնեք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։