
Այսօր «Աջ սեկտոր» ծայրահեղական շարժման գրոհայինները լքել են «Դնեպր» հյուրյանոցը, որտեղ տեղակայված է այդ կազմակերպության ոչ պաշտոնական շտաբը:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, շենքում գտնվում էին մի քանի տասնյակ ակտիվիստներ, որոնք զինված էին ավտոմատ զենքերով: Ծայրահեղականները դուրս են բերել իրերը, դրել բեռնատարի մեջ և մեկնել քաղաքից դուրս գտնվող հանգստյան տներից մեկը:
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ գիշերը իրավապահները բանակցություններ էին վարում ծայրահեղականների հետ զենքը հանձնելու վերաբերյալ, սակայն դրանց արդյունքները հայտնի չեն:
Երկուշաբթի երեկոյան Կիևի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել «Աջ սեկտորի» և Մայդանի պաշտպանների ներկայցուցիչների միջև: Արդյունքում երեք մարդ ծանր վնասվածքներ են ստացել:
Վիրավորների թվում է եղել Կիևի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ, ով պնդում է, որ պատահաբար է հայտնվել դեպքի վայրում: