Կանադան աջակցում է ԼՂ-ի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը. սա ենթադրում է հայերի վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը. Կանադայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից հայ ժողովրդի բռնի տեղահանման մեկամյա տարելիցին, հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Օտտավան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին։ Այս մասին նշված է Կանադայի կառավարության պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ։

«Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները ծանր էին, դրա հետևանքով ավելի քան 100. 000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30. 000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ», – նշված է հայտարարության մեջ։

Կանադայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ նաև հիշեցվում է, որ Ադրբեջանի կողմից չարդարացված ռազմական գործողությանը նախորդել է Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսյա շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման մասին որոշումը։

Հայտարարության մեջ Օտտավան համերաշխություն է հայտնում այս ճգնաժամից տուժած մարդկանց և երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։

«Այդ իսկ պատճառով 2023 թ. մենք ավելի քան 3. 9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար»,- ընդգծված է հայտարարությունում:

Բացի այս, Մելանի Ջոլիի հայտարարության մեջ շեշտվում է, որ Կանադան շարունակում է կոչ անել և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին, ինչպես նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության համար:

Կանադայի ԱԳ նախարարն իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ Օտտավան բազմիցս կոչ է արել և հիմա էլ շարունակում է կոչ անել անվերապահորեն ազատել 2020 թ. Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։

«Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի  ժողովրդի համար արդար և տևական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը», – եզրափակել է Մելանի Ջոլին:




Լրահոս