ՀԱՐՎԱԾ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐԿԱՆԻՇԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կանչվել է ՀՔԾ եւ հարցաքննվել` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի նախասրահում գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծելու առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում:

ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կպատժեն Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, թե՞ պարզապես քննություն կիրականացնեն ու գործը կկարճեն:

ՊԱՏԱՍԽԱՆ. Դժվար է որեւէ բան ասել, քանի որ դա իրենց` ՀՔԾ-ի պարզելու  խնդիրն է: Կարծում եմ, եթե կանչել են, ուրեմն փորձում են պարզել, քննություն իրականացնել  եւ ճշտել, թե «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կոնկրետ ինչ է տեղի ունեցել: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Ս.Խաչատրյանին կպատժեն, թե ոչ, կարծում եմ` դա պետք է որոշի քննչական մարմինը: Ես ինքս դժվարանում եմ  պատասխանել:

ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ Սուրեն Խաչատրյանին պետք է պատժել, քանի որ նման արարքը մեր իրականության մեջ արտառոց էր: Այսինքն` հասարակությունը, համենայնդեպս, ցնցված է: Ինքս ճշմարտության դրսեւորման կողմնակից եմ, ու ինձ բոլորովին դուր չի գալիս, որ այս դեպքը համեմատում են Գ. Բեգլարյանի դեպքի հետ: Այս դեպքում իսկապես չպետք է ներել նրան` անկախ իրենց հարաբերություններից եւ մյուս դատական գործից: Եւ եթե այս դեպքը մնա անպատիժ, դա կհարվածի նախագահի եւ  ղեկավարության վարկանիշին:   

ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս ամենին պետք չէ լուրջ վերաբերվել եւ հավատալ ամեն հեքիաթի, որովհետեւ ոչինչ էլ չի լինի: Այս քրեական գործը, ինչպես եւ մյուսները, ֆարս են, ամեն ինչ կավարտվի նրանով, որ տուժող կողմը հայտարարություն չի տա, դատական բժիշկը չի գնա, եւ այսքանով ամեն ինչ կավարտվի: Ի՞նչ կապ ունի Սյունիքի մարզպետը, երբ մի ամբողջ ժողովրդի են ծեծել ու չեն ենթարկվել  քրեական պատասխանատվության: Մի կնոջն ապտակելն ի՞նչ է, որ դրա համար պատժվի Սյունիքի մարզպետը: Ազգովի ընկել են մի դեպքի հետեւից, թե «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մի կնոջ են ծեծել, իսկ այն կանանց համար, որոնց սրանք ամեն օր ծեծել են փողոցներում, ո՞ր մեկն է մինչ օրս դատվել:

 ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ազգային անվտանգության վարչության
պետի նախկին տեղակալ

ՊԱՏԱՍԽԱՆ. Քանի դեռ կան այս իշխանությունները, ոչ միայն Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, այլեւ այս իշխանություններին ծառայած ցանկացած մեկը  մնալու է անպատիժ: Այսինքն` նրան չեն վերաբերի այնպես, ինչպես կվերաբերեն ՀՀ ցանկացած քաղաքացու: Նրանք օրենքից դուրս են եւ օրենքից վեր, բնականաբար, այն պատիժը, որն ակնկալում ենք այս եւ մնացած գործած արարքների համար,  իհարկե չի լինելու, որովհետեւ նրանք այս անօրեն իշխանություններին ծառայություններ են մատուցել: Ուստի այս իշխանությունների կողմից նրանք կմնան անպատիժ: Եթե նույնիսկ նրանց ազատեն աշխատանքից, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա կարելի է պատիժ համարել:   

ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
իրավապաշտպան
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս