ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեգենդը, թե Երևանում օդի որակը շատ վատն է, մեր սարքերը հերքում են. Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի ընթացքում Երևանի շինհրապարակներում՝ փոշու կոնցենտրացիայի աղբյուրների կենտրոններում տեղադրված օդի մոնիթորինգի 85 սարքերից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել օդում մանրահատիկ փոշու պարունակության վերաբերյալ տվյալները, ինչը չի գերազանցում օրենսդրությամբ սահմանված թույլատրելի կոնցենտրացիան, որը 35 միկրոգրամ մետր խորանարդ է: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նաև նշվեց, որ սարքերի թիվն ավելացել է:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց՝ այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ երկու ներպետական մարմինները՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը և քաղաքապետարանի օնլայն սարքերը, տարբեր տվյալներ են ցույց տալիս:

«Մեր օնլայն սարքերը բոլորը տեսնում եմ: Այս սարքերը յուրաքանչյուր րոպե և ժամ տվյալները տալիս են, գուցե մեթոդաբանության մեջ է խնդիրը: Խնդրում եմ ՊՈԱԿ-ի հետ հասկանալ՝ ինչն է խնդիրը, բայց այն, ինչ տալիս են մեր սարքերը, ավտոմեքենաների միջի նույն սարքերով հաստատվում է»,- ասաց նա:

Ավինյանը նաև ընդգծեց՝ «լեգենդը», թե Երևան քաղաքում օդի որակը շատ վատն է, շատ փոշոտ է, արդեն որերորդ ամիսն է՝ այս սարքերը հակառակն են ասում, որ ցածր կամ միջին փոշոտվածության ցուցանիշ է:

«Խնդրում եմ հասկանալ՝ որն է տարբերության պատճառը, որովհետև 117 սարք միասին չեն կարող սխալ տեղեկատվություն տալ ամբողջ քաղաքից»,- ասաց Ավինյանը և հորդորեց երևանցիներին մտնել yerevan.am կայք և օնլայն ծանոթանալ սարքերի տվյալներին:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս