Իրանի և Հայաստանի միջև ոչ նավթային առևտրի արժեքը ընթացիկ օրացույցային տարվա առաջին հինգ ամիսներին (մարտի 20-ից օգոստոսի 21-ը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6 տոկոսով։
Այս մասին հայտնում է Tehran Times-ը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության զեկույցը:
Զեկույցում նշվում է, որ երկու երկրների միջև ոչ նավթային առևտուրը կազմել է 885,719 տոննա՝ 192,108 մլն դոլար արժողությամբ՝ տարեկան կտրվածքով կշռի 60 տոկոս աճով:
Նաև հաղորդվում է, որ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանն Իրանի 10-րդ առևտրային գործընկերն է եղել հարևանների շարքում։
Զեկույցը հիշեցնում է, որ փետրվարի 14-15-ը Թեհրանում տեղի է ունեցել Իրան-Հայաստան համատեղ տնտեսական կոմիտեի 18-րդ նիստը, որի ընթացքում երկու կողմերը ստորագրել են 19 փաստաթուղթ և փոխըմբռնման հուշագիր՝ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման նպատակով։
Նշված փաստաթղթերն ընդգրկում են մի շարք ոլորտներ, այդ թվում՝ առևտրի զարգացումը, մաքսային համագործակցությունը, ծովային փոխադրումները, սննդամթերքը և դեղորայքը։
Զեկույում նշվում է նաև, որ Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստին, որը հյուրընկալվել է Իրանի ծրագրային և բյուջետային կազմակերպության կողմից, մասնակցել են երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաներ և նախարարներ, այդ թվում՝ Իրանի ծրագրային և բյուջետային կազմակերպության նախկին ղեկավար Դավուդ Մանզուրը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը և Իրանի Առևտրի խթանման կազմակերպության նախկին ղեկավար Մեհդի Զիղամին։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև նրան, որ միջոցառման շրջանակում տեղի ունեցած մեկ այլ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարի տնտեսական դիվանագիտության գծով Մեհդի Սաֆարիի հետ, որում նա իրանական ընկերություններին կոչ է արել մասնակցել Հայաստանի ճանապարհաշինական և ենթակառուցվածքային ծրագրերին։