Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Հայկական կողմը, սակայն, դեռ չի հաստատել տեղեկությունը:
Հանդիպումը, ըստ լրատվամիջոցների, տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 24-ին, ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում:
Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Նա Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ է ունենալու Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Ըստ հաղորդագրության` այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան