«Հըզբալլահ»-Իսրայել հակամարտությունը հերթական անգամ նոր փուլ է մտնում։
Իրանի Թաբաս քաղաքի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 28 զոհ, իսկ 17 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Անհետ կորած է համարվում 24 մարդ։
Նշենք, որ «Հըզբալլահ» շարժումը փեյջերների զանգվածային պայթյունի միջադեպից հետո Իսրայելին սպառնացել է «կոշտ պատասխան» տալ։
Այս ամենի ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իր երկիրը թևակոխել է պատերազմի նոր փուլ և հավելել, որ ««Հըզբալլահը» զգում է, որ իրեն հետապնդում են, իսկ Իսրայելը կշարունակի գործել շարժման դեմ»։
Հիշեցնենք, որ Իսրայելն իր ռազմական ջանքերի «ծանրության կենտրոնը» տեղափոխել է Հյուսիս՝ Լիբանանի հետ սահման։
Իսրայելի բանակի` ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղար Դանիել Հագարին անհապաղ տարհանման կոչ է արել այն լիբանանցիներին, որոնց տներում զենք է պահվել։
Նշենք նաև, որ Լիբանանում տեղի ունեցած պայթյուններից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իր զինծառայողներին արգելել է կապի միջոցներ օգտագործել: Բացի այդ ԻՀՊԿ-ում ոչ միայն կապի միջոցների, այլև գրեթե բոլոր տեխնիկական սարքավորումների լայնածավալ ստուգում է սկսվել: Միջադեպերը մտահոգել են ղեկավարությանը, որը «Հըզբալլահ»-ից խնդրել է փորձաքննության արդյունքները, ինչպես նաև պայթած սարքերի մի քանի նմուշ:
Նշենք, որ վերջին գործողությունները տեղի են ունեցել այսօր առավոտյան. Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին՝ Բեքայի հովիտ, Սիդոն: Պայթյուններից հետո Հարավային Լիբանանում դպրոցները ժամանակավորապես փակվել են:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան