ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը սկսվելու է զրոյից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատախազ Հայկ Հովհաննիսյանը։
«Գործի քննությունն իրականացվում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգով, այսինքն՝ նոր քրեական դատավարության օրենսգրքով։ Նոր քրեական դատավարության օրենսգիրքը նախնական դատալսումների համար նախատեսում է հստակ ընթացակարգեր, որոնք ունեն որոշակի հաջորդականություն, գրեթե բացառված է այդ հաջորդականությունը փոխելու հնարավորությունը։ Բացառություն են կազմում միայն խափանման միջոցի հետ կապված հարցերը։ Առաջնորդվելով այդ ընթացակարգով՝ համապատասխան փուլում, բնականաբար, մեր կողմից դատարանին կներկայացվի համապատասխան որոշում։ Դեռ այս պահի դրությամբ այն չի ներկայացվել»,-նշեց Հայկ Հովհաննիսյանը։
Թե ինչ հոդվածով է փոխվելու՝ Հովհաննիսյանը չմանրամասնեց։
Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 12-ին բեկանել էր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը և գործն ուղարկվել նոր քննության։ Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասը (հոդվածը սահմանում է առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու սահմանները) Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել։ Այս որոշումը դատախազությանը հնարավորություն տվեց վերաորակավորել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ մեղադրանքները և նոր քննություն սկսել: