ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում տեղի ունեցած ինքնասպանության դեպքը ցնցել է Ջրառատ համայնքի բնակիչներին: Նրանք պարզապես չեն կարող հասկանալ` ինչն է ստիպել վաստակաշատ մանկավարժ Անուշավան Դարբինյանին գնալ ինքնասպանության: Երեկ տեղի ունեցավ հուղարկավորությունը. նրա մահը սգում էր ողջ գյուղը…
Մանկավարժի համագյուղացիները բառեր չէին գտնում նրա անձը նկարագրելու համար: «Հավասարակշռված, մեծ հարգանք վայելող անձնավորություն էր, գյուղում նրան բոլորն էին սիրում: Իր աշակերտները` առավել եւս, որովհետեւ նա բոլորին լավ էր վերաբերում: Աչքի էր ընկնում աշխատասիրությամբ, նվիրված ուսուցիչ էր: Կոլեկտիվի կողմից հարգված մարդ էր»,-պատմում են մանկավարժին ճանաչողները:
«Միշտ լավ էր տրամադրված ե՛ւ ընտանիքի, ե՛ւ շրջապատի նկատմամբ: Միշտ լավ տրամադրություն ուներ: Շատ ցավում ենք իր համար եւ չենք կարող հասկանալ, թե ինչ եղավ էդ մարդու հետ»,-ասում է մանկավարժ Հայկանուշ Խաչատրյանը:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին: 64-ամյա Անուշավան Դարբինյանը կախվել է իր տան երկրորդ հարկի աստիճաններից: Դին հայտնաբերվել է առավոտյան ժամը 8-ի սահմաններում: Տարօրինակ կերպով սկզբում գյուղացիներից կարծես թե թաքցվել է կատարվածը, քանի որ նախնական շրջանում լուրեր են շրջանառվել, թե Անուշավան Դարբինյանը մահացել է բնական մահով, եւ միայն դիահերձարանում, երբ պարանոցի շրջանում կապտուկներ են հայտնաբերվել, որդուն կանչել են քննչական բաժանմունք, ինչից հետո թաքցնելն այլեւս անհնար է դարձել: «Մեծ տղան է գնացել Ախուրյանի քննչական բաժին, որ կապտուկներ էին հայտնաբերել, կասկածել էին: Օրվա երկրորդ կեսին, որ գնացինք դիահերձարան, նոր պարզվեց, որ ապացուցված է համարվել այն, որ ինքնասպանություն է գործել  կախվելու միջոցով»,-պատմում է գյուղապետը:
Անուշավան Դարբինյանը Ջրառատի միջնակարգ դպրոցում աշխատել է  ավելի քան 40 տարի: Միեւնույն ժամանակ աշխատել է որպես փոստատար: Գյուղաբնակների խոսքերով` անձնական կամ ընտանեկան խնդիրների մասին իրենք երբեք չեն իմացել, սոցիալապես էլ առանձնապես ծանր պայմաններում չի ապրել: «Անցած տարի էր` տղուն նշանեց, կսպասեր թոռնիկի լույս աշխարհ գալուն, չեմ կարող ասել` ինչի նման բան արեց»,-ասում  է Ջրառատի բնակիչներից մեկը:
Իսկ դպրոցի տնօրեն Արա Սուքիասյանը հիշում է, որ այդ օրը սովորականի նման Անուշավան Դարբինյանը հանձնել է հերթապահությունը եւ շտապել տուն:
Գյուղապետ Ահարոն Ոսկանյանն էլ հավաստում է, թե դպրոցի մանկավարժների կամ գյուղի բնակիչների մոտ հուսահատված վարքագիծ երբեք չի դրսեւորել, չի պատմել խնդիրներից: Ահա թե ինչու չեն կարողանում տալ այն հարցի պատասխանը, թե ինչն է նրան դրդել ինքնասպանություն գործել:  

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս