Այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Կանադա հետաձգվել է: Նշենք, որ Պատվիրակության կազմում ընդգրկված էին բացառապես իշխանության ներկայացուցիչները:
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը հայտնել էր, որ այցի հետաձգման պատճառը Կանադայում առկա ներքաղաքական ճգնաժամն է:
Ավելի վաղ ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեն Ալեն Սիմոնյանի այցի առիթով հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով, որ ԱԺ նախագահի պատվիրակության կազմում ներառված են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամները՝ առանց ընդդիմության պատգամավորների:
«Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբակցության ըննդիմադիր պատգամավորները միտումնավոր դուրս են մնացել այս պատվիրակությունից։ Այս երևույթն ինքնին ժողովրդավարական կանոնակարգի խախտում է։
Ժողովրդավարության տարրական սկզբունքներն ու մարդու հիմնական իրավունքները ոտնահարող ՀՀ գործող վարչախմբի այցելությունը ողջունելու մտադրություն չունի կանադահայությունը»,-ասված էր հայտարարության մեջ:
Հիշեցնենք նաեւ, որ դեռ նախորդ տարի ապրիլին Ալեն Սիմոնյանը հենց Երեւանի կենտրոնում՝ Կասկադում թքել էր քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա, ով ազգությամբ հայ Կանադայի քաղաքացի է:
Ալեն Սիմոնյանի և Կարեն Մկրտչյանի միջև միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցներով զբոսնող ԱԺ նախագահին տեսնելուց հետո կանադահայը վանկարկել է՝ «Դավաճա՛ն, դավաճա՛ն»։
Մանրամասները՝ տեսանյութում