Տարհանում, ավելի քան 700 վիրավոր՝ Լիբանանում, հարվածներ՝ Իսրայելի օդանավակայաններին․ «Հըզբալլահ»-Իսրայել հակամարտությունը սրվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանում իրավիճակը սրվում է։ Իսրայելը հայտարարել է «Հըզբալլահի»-ի ավելի քան 300 ռազմակետերի ոչնչացման մասին։ Երեկ գիշերվանից ռմբակոծվում է Բեքայի հովիտը՝ Բաալբեք, Սիդոն, այսօր երեկոյան արդեն հարվածներ են հասցվել Զահլե գյուղաքաղաքաին։ Բեքայի հովտում գտնվող հայկական Այնճար գյուղում այս պահին հանգիստ վիճակ է, սակայն Բեքայի հովտից սկսել են տարհանել բնակիչներին, ինչը կարող է վտանգավոր նախադեպ լինել և Իսրայելին՝ առաջ ընթանալու հնարավորություն տալ։

Ռմբակոծության են ենթարկվում նաև մայրաքաղաք Բեյրութի արվարձանները։ Հարավային Լիբանանում և Բեյրութի արվարձաններում ուսումնական գործընթացները ժամանակավորապես սառեցվել և փակվել են ուսումնական հաստատությունները։

Մինչ այս պահը Լիբանանում զոհերի թիվը հասել է շուրջ 300-ի, վիրավորվել է ավելի քան 700 մարդ։ Մարդիկ բենզալցակայաններում, պարենային խանութներում և հացի փռերում հերթի են կանգնել՝ առաջին անհրաժեշտության իրերի, սննդի պաշարներ ապահովելու և տեղաշարժի հնարավորություն ստեղծելու համար։ Միևնույն ժամանակ «Հըզբալլահ»ը անդադար հարվածներ է հասցնում Իսրայելի ռազմավարական օբյեկներին, ինչպես նաև 4փուլով հարվածներ է հասցրել Թել Ավիվի, Բեն Գուրինի և և Հայֆայի օդանավակայանների ուղղությամբ։

Իսրայելում առկա իրավիճակի մասին տվյալները սակայն սակավ են, ինչը պայմանավորված է իսրայելական մամուլը հրահանգված լռությամբ և բազմակողմանի տեղեկատվություն տրամադրող Al Jazeera լրատվականի գործունեությանը Իսրայելի իշխանությունների կողմից դրված արգելքով:

Լիբանանն այսօր քաղաքացիական երկրորդ պատերազմի ավարտից հետո ամենաշատ զոհերն է տվել՝ մեկ օրվա կտրվածքով։

Հուրի Բաղդասարյան




Լրահոս