Դե ես հո կնիկ չեմ, որ էդ ձեր ասած թրաֆիքինգի զոհը դառնայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

28-ամյա Մեսրոպ Ղազարյանին հանդիպեցինք Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում: Մեսրոպի հետ խոսակցությունը շատ անակնկալ և անմիջական ստացվեց: Երբ խոսք բացվեց արտագնա աշխատանքի մասին,  նա իր ոդիսականը պատմեց:

«Երեք անչափահաս երեխաներ ունեմ: Հորս անցած տարի ինսուլտ խփեց, մերս էլ կարգին առողջություն չունի: Տան միակ աշխատող ձեռքը ես եմ: Էստեղ` գյուղում, տրակտոր եմ քշում: Դուրս գալ միշտ ուզել եմ, բայց հարմար մարդ ու առաջարկ չի եղել: Մտածել եմ` դուրս գամ, մի քիչ փող աշխատեմ, տունը վերանորոգենք, մարդավարի ապրենք:

2013-ի սկիզբն էր, հարևան գյուղից ծանոթ տղա էր, եկավ, պայման կապեցինք, ինձ ու 3 հոգու խոպան տարավ` իր ծախսերով: Ես պիտի մեխանիզատոր աշխատեի: Բայց հասանք Մոսկվա, մեզ ասեցին` պայմանները փոխվել են, հեռու ենք գնալու` Մագադան`գործն էնտեղ ա: Անձնագրերը մեզնից վերցրին` ասելով, թե գրանցման հարցերը կլուծեն, կտան:

Մագադանում աշխատում էինք համարյա 24 ժամ, օրը 2 անգամ մի փոր հաց տային, թե չէ: Հսկա շենք էինք սարքում, ասում էին` նահանգապետինն ա: Երկու ամիս էդ պայմաններում աշխատեցինք: Փող, որ ուզում էինք, համոզում էին` էսօր-վաղը կտանք: Սկզբում տան հետ կապ ունեինք, հետո կամաց-կամաց մի օր մեկիս հեռախոսը կորավ, մյուս օրը մյուսինը փչացավ, թե էդ ոնց հետո հասկացանք, իսկ ամենավատն էն էր, որ անձնագրերը չէին տալիս, որ մենք ազատ տեղափոխվեինք»,-կատարվածի մասին պատմում էր Մեսրոպը:

Միջամտելով խոսակցությանը` Մեսրոպի պատմությունը շարունակեց մայրը` տիկին Արաքսյան. «Մի ամսից ավել տղուցս խաբար չեկավ: Ես ու հարսս գնացինք էդ տանող տղու տուն: Ասում էին` մեր տղուց էլ խաբար չկա: Ես էլ չսպասեցի, զանգեցի քրոջս: Քրոջս տղան, 7-8 տարի ա, Մոսկվայում ա: Մեր մեջ ասած` լսել էի, որ էնտեղ գողական աշխարհի հետ կապ ունի, կորած տղա չի, էլի, ինքն էստեղ էլ շատ ճարպիկ էր: Քրոջս խնդրեցի, որ մի բան անի, կապվի տղու հետ, տղուս գտնեն»,-որդու հետ կապված խորհրդավոր պատմության մանրամասները ներկայացրեց մայրը:

Ինչևէ, Մեսրոպն ասաց, որ մի օր իրեն առանձին կանչեցին, ու մի անծանոթ տղայի ուղեկցությամբ տարան Մոսկվա, որտեղ անսպասելիորեն իրեն դիմավորեց մորաքրոջ տղան: Թե ինչպես էր մորաքրոջ որդուն հաջողվել գտնել իրեն, ըստ Մեսրոպի, նա չի մանրամասնել: Միայն ասել է, որ Հայաստանում ունեցած կապերն են օգնել, պարզել են Մեսրոպին տեղափոխողների ինքնությունը, որով էլ հետքի վրա են դուրս եկել:

Մեր հարցին, թե հայրենիք վերադառնալուց հետո արդյոք Մեսրոպը փորձել է դիմել իրավապահ մարմիններին և թեկուզ պատասխանատվության ենթարկել այն անձին, ով կազմակերպել էր իր արտերկիր տեղափոխվելու հարցերը, Մեսրոպը պատասխանեց. «Ես դրան Մագադան գնալուց հետո չտեսա: Ասում են` Հայաստան չի եկել, համ էլ ի՞նչ ոստիկանություն, ես ավելորդ քաշքշուկ չեմ ուզում, հազիվ եմ պրծել դրանցից: Երեխեքիս գլխին եմ ուզում լինել»:

Երբ Մեսրոպի հետ խոսեցինք թրաֆիքինգ երևույթի և նրա տեսակների մասին, որոնցից մեկն էլ աշխատանքային թրաֆիքինգն է, որին էլ այս դեպքում ենթարկվել է հենց ինքը` մեր «հերոսը», նա անտարբեր ուսերը թոթվեց` ասելով. «Դե ես հո կնիկ չեմ, որ էդ ձեր ասած թրաֆիքինգի զոհը դառնայի»:

Անդրադառնալով Մեսրոպի դեպքին` նշենք՝ հետաքրքիր է, եթե չլիներ մորաքրոջ տղան, հանցավոր աշխարհն ու մեծ շրջապատը, ինչպե՞ս կդասավորվեր Մեսրոպի ճակատագիրը:

Իսկ ի՞նչ է լինելու մյուս  3 տղաների հետ, ովքեր հանցագործ աշխարհի հետ կապ ունեցող ճարպիկ մորաքրոջ տղա չունեն….Արդյոք ո՞ղջ են նրանք: Ի դեպ, նրանք Հայաստանի տարբեր մարզերից են եղել:

Իսկ Մեսրոպի ՝ իրավապահներին չդիմելու պատճառը վերջինիս ունեցած թյուր պատկերացումն էր: Անգամ հեռավոր Մագադանում անմարդկային պայմաններում կատարելով ֆիզիկական ծանր աշխատանք ` Մեսրոպն իրեն թրաֆիքինգի զոհ չի համարում:

Արևիկ Հակոբյան

Հրազդան




Լրահոս