ՍՏԻՊԵԼ ԵՆ ՆԱՄԱԿ ԳՐԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության մի խումբ աշխատակիցներ վրդովված զանգահարել էին  «Ժողովուրդ»-ին եւ խնդրում էին օգնել իրենց հասկանալ, թե տվյալ կազմակերպությունն ինչու իրենց կարծիքը հաշվի չի առնում: Ու  հատկապես իրենց տնօրենը, որը, հայտարարվում է, թե մի օր ղեկավարում է կազմակերպությունը, իսկ հաջորդ օրը` ոչ: Կազմակերպության բողոքող աշխատակիցները նաեւ նշեցին, որ իրենց ղեկավարությունը ստիպել է բաց նամակ գրել Սերժ Սարգսյանին  եւ խնդրել, որ կազմակերպությունը ղեկավարի Գագիկ Վարդանյանը:
Ըստ վարկային կազմակերպության աշխատակիցների` կազմակերպությունում դեռեւս «նոյի թիվ» ասվածն է: «Մի ղեկավար ունենք` Գագիկ Վարդանյան, մի քանի ամիս առաջ մենք իմացանք, որ ունենք հոգաբարձուների խորհուրդ, որի նախագահը Վարդան Արամյանն է` ֆինանսների փոխնախարարը, իրանք ժողով հրավիրեցին ու հեռացրին մեր տնօրենին, պատճառաբանեցին, որ իրենք մի քանի անգամ առաջարկել են քննարկել աշխատակիցների աշխատավարձերի մասին կարգը  եւ այդ պրոբլեմային խմբերի ընթացակարգը, սակայն Վարդանյանը շարունակել է անել այնպես,  ինչպես իրեն է հարմար»:
Վարկային կազմակերպության աշխատակիցները հավելեցին, որ ընդամենը մի անգամ են իրենց «մարդատեղ» դրել` ժողով են  հրավիրել` տեղեկացնելով, որ  տնօրեն Գագիկ Վարդանյանին հեռացնում են: «Հետո ասացին, որ Սերժ Սարգսյանին նամակ են գրում, որ ինքը մնա իր պաշտոնին, մեզ էլ ստիպեցին, որ ստորագրենք:  Մենք մտածեցինք` դե մարդն էսքան տարի աշխատել է, միգուցե մեր ստորագրություններից հետո կփորձի իր աշխատակիցների պայմանները բարելավել:  Ստորագրելուց հետո մեզ անգամ չասացին` նա մնում է այդ պաշտոնում, թե ոչ: Նոր ենք միայն իմանում, որ այլեւս չկա հոգաբարձուների խորհուրդը, որի հետեւանքով էլ  հիմա  կազմակերպությունում չեն իրականացվում տարեկան հաշվետվություններ,  հավաքներ, ու տենց էլ չենք հասկանում` ի՞նքն է մեր տնօրենը, թե՞ չէ»,-նշեցին կազմակերպության աշխատակիցները:  
Վարկային կազմակերպության աշխատակիցների խոսքով, եթե իրենք որեւէ խմբի վարկ են տալիս, չեն ստուգում՝ տվյալ խումբն այլ տեղերում վարկեր ունի, թե ոչ. «Ռիսկայնությունն ամբողջովին ընկնում է աշխատողի վրա, իսկ եթե այդ մարդը գումարը չի փակում, մեծ պահումներ են լինում նաեւ գործակալից»: Աշխատակիցները հավելեցին, որ դեպքեր են եղել, իրենք են այդ գումարները մուծել, ինչի համար էլ կազմակերպությունը գերշահույթ  է ստանում:
Մեզ դիմած աշխատակիցները նշեցին, որ տնօրինությունը ցանկանում է ստեղծել նոր աշխատանքային թիմ, որոնք անփորձ են եւ հարմարվում են կազմակերպության ղեկավարության ցանկացած «քմահաճույքի»: Մինչդեռ իրենք աշխատում են անդադար, անգամ ժամանակ է լինում, որ ծանրաբեռնվածության պատճառով ընդմիջման էլ չեն կարողանում դուրս գալ:
Մենք փորձեցինք հենց «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Գագիկ Վարդանյանից տեղեկանալ, թե ինչ է կատարվում իրականում: Վերջինս ասաց, որ շատ զբաղված է, եւ միայն մի քանի օր անց կարողացանք նրանից գրավոր պատասխան ստանալ:
Վարդանյանը նշել է. «Մեր կազմակերպությունը` որպես ՍՊԸ, հոգաբարձուների խորհուրդ չունի եւ գործող օրենսդրության համաձայն` չի կարող ունենալ, ձեզ տրամադրված տեղեկատվությունն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը»:
Իսկ կազմակերպության ներքին կանոնակարգի եւ իր աշխատակազմի բողոքների վերաբերյալ նշել է. «Կարծում եմ` ավելի լավ է խոսել փաստերով, ներկայումս աշխատում են մոտ 170 աշխատողներ, եւ մինչ այսօր աշխատանքից ազատվել է 16 հոգի, որոնց մեծ մասը վարորդներ են: Նրանց  աշխատանքի կարիքն ունի սեզոնային բնույթ: Պետք է ուղղակի համեմատել աշխատակազմի այս խիստ ցածր ցուցանիշը նման ոլորտում գործող ցանկացած այլ կազմակերպությունների ցուցանիշների հետ: Կարծում եմ` այս կազմակերպությունում աշխատելու մասով աշխատակազմի բավարարվածության ու երկարատեւ աշխատելու ցանկության այլ ապացույցի կարիք չկա»:
Ի վերջո, կազմակերպության ղեկավարը խուսափեց բացատրել, թե ինչն է պատճառը, որ  աշխատակիցներին ստիպել են բաց նամակ գրել Սերժ Սարգսյանին:
Հ.Գ. Ի դեպ, փորձեցինք նաեւ մեկնաբանություն ստանալ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանից, մեզ տեղեկացրին, որ մինչեւ օրվա վերջ Արամյանը մեր հարցերին կպատասխանի, սակայն այդպես էլ չարձագանքեցին մեր հարցերին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս