ՄԻՆՉԵՎ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Գրիշա Վիրաբյանը 2004 թվականի ապրիլի 23-ին Արտաշատի ոստիկանությունում ն ենթարկվել էր դաժան ծեծի: Նա դիմել է Եվրադատարան, սակայն գործը շուրջ յոթ տարի է` քննվում է:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Վիրաբյանի շահերի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանի հետ, ով ասաց. «Այս գործը քրեական գործ է, որը մուտքագրվել է Եվրադատարան: Մենք վերջերս դիմեցինք այդ կառույցին` պարզելու համար, թե գործն ինչ փուլում է գտնվում: Տեղեկացանք,  որ մինչեւ այս տարվա վերջ վերջնական որոշում կկայացվի: Նշեմ, որ 2003-2004 թվականների հետ կապված մի քանի գործեր էլ կան Եվրադատարանում, այդ իսկ պատճառով մեզ տեղեկացրին, որ շուտով որոշումը կլինի»:
Պարոն Տեր-Եսայանը նշեց, որ դեպքն արձանագրվել է դեռեւս 2004 թվականին, երբ Վիրաբյանին «հրավիրել» են ոստիկանություն: Փաստաբանը նախ ներկայացրեց ոստիկանության վարկածը. «Ես դա ասում եմ այնպես, ինչպես ոստիկանությունն է ձեւակերպել. Վիրաբյանը ոստիկանությունում իրեն պահել է խուլիգանի պես, ոստիկանության պետի սենյակում տեղի է ունեցել կռիվ, որը սարքել է Վիրաբյանը:  Դրա հետեւանքով ոստիկանը ծանր վնասվածք է ստացել, ինչի առնչությամբ էլ իրեն կալանավորել են եւ քրեական գործ հարուցել»:
Գրիշա Վիրաբյանի պաշտպանը վստահեցրեց, որ ոստիկանությունը վերջինիս ոչ թե հրավիրել էր, այլ բռնի ուժով տարել էր բաժին, իսկ վիճաբանության ժամանակ էլ Վիրաբյանն ընդամենը պաշտպանվել էր: Մեր զրուցակիցը նշեց, որ ոստիկանությունը հենց սկզբից սխալ ձեւակերպում է ներկայացրել, թե Արտաշատում ինչ-որ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի համար Վիրաբյանին հրավիրել են ոստիկանություն, որտեղ  վերջինս  իրեն ագրեսիվ է դրսեւորել:
«Իրականում դա այդպես չէ, այլ հակառակը, ուղղակի իրենք այնպես են անում, որ իրենց արածը քողարկեն: Վիրաբյանն իրեն ագրեսիվ չի պահել, նրան բաժնում դաժանաբար ծեծել են: Գործը Եվրադատարանում է, եւ շուրջ 7 տարի է` այն լսվում է, իսկ այժմ արդեն հույսեր կան… բայց մենք չենք կարող ասել` վճիռը կլինի դրակա՞ն, թե՞ բացասական»,-նշեց Վիրաբյանի պաշտպանը:
Ի դեպ, Տիգրան Տեր-Եսայանը հավելեց, որ ոստիկանությունում Վիրաբյանին այնպես են ծեծել, որ վերջինիս վիրահատել են եւ հեռացրել ներքին օրգաններից մեկը: Նա նաեւ ասաց, որ իրենց լավատեսության հիմքն այն է, որ տվյալ գործը մի քանի տարի է` լսվում է, եւ եթե  բացասական ինչ-որ բան լիներ, դա արդեն վաղուց տեղի ունեցած կլիներ. «Այստեղ Վիրաբյանի իրավունքներն են խախտվել, եւ եթե դա հաստատվի Եվրադատարանի կողմից, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի շտկելու տեղի ունեցածը»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս