Մոսկվան խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Լիբանանի նկատմամբ իրականացվող լայնածավալ ռազմական հարձակումները՝ ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
Նա անթույլատրելի է որակել հարձակումները, որոնց զոհ են դառնում քաղաքացիական անձինք:
«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչը կկանխի հետագա արյունահեղությունը և պայմաններ կստեղծի իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն տեղափոխելու համար»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է համակարգել ջանքերը միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ՝ նման աղետալի սցենարը կանխելու նպատակով:
«Ելնում ենք նրանից, որ տարածաշրջանի ցանկացած պետության անվտանգությունը չպետք է ապահովվի ուրիշների հաշվին»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: