Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի նախկին տնօրենը ստացել է խոշոր չափի կաշառք․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.Խ.-ն, 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 26-ը զբաղեցնելով «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) տնօրենի պաշտոնը, պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք:

Մասնավորապես՝ Ս.Խ.-ն Կենտրոնի խնամարկյալ Ա.Թ.-ին պատկանող՝ Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցում գտնվող բնակարանի 2/3 մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու նպատակով, 2019 թվականի սեպտեմբերին, իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, Ա.Թ.-ի հորաքույրներ Վ.Թ.-ից և Է.Թ.-ից պահանջել է 6,000 ԱՄՆ դոլար կաշառք՝ վերջիններիս հետ պայմանավորվելով՝ 2,000 ԱՄՆ դոլարը ստանալ մինչև լիազորագրի տրամադրումը, իսկ մնացածը՝ բնակարանը վաճառելուց հետո:

Կենտրոնի տնօրեն Ս.Խ.-ն, վերոնշյալ պայմանավորվածության համաձայն, ստացել է 2,000 ԱՄՆ դոլարը և, խնամակալության և հոգաբարձության մարմնի համապատասխան թույլտվություն չունենալու պայմաններում (Կենտրոնը, հանդիսանալով Ա.Թ.-ի խնամակալ, իրավունք չունի առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության՝ կնքել խնամարկյալի գույքի օտարման վերաբերյալ գործարքներ), 2 տարի ժամկետով տվել է լիազորագիր՝ լիազորելով Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի հորաքրոջը՝ Վ.Թ.-ին, հանդես գալ որպես Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի շահերի ներկայացուցիչ:

2020 թվականի հուլիսի 6-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր՝ 12 մլն 63 հազար դրամով, որի 2/3-րդ մասնաբաժինը չի հատկացվել Ա.Թ.-ին կամ վերջինիս խնամակալ հանդիսացող Կենտրոնին:

Դատախազի նախաձեռնությամբ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Ս.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

2024 թվականի սեպտեմբերի 24-ին դատախազը հաստատել է Ս.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս