Նախկին «Հայեր» խմբի անդամ Նելլին խմբից հեռանալուց հետո զբաղվում է անհատական կարիերայով: Փորձում է իրեն նաեւ հեռուստատեսության բնագավառում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, թե ինչու աղջիկները հեռացան խմբից, եւ հիմա ով ինչով է զբաղվում:
-Երբ մենք առանձնացանք «Հայեր» խմբից, Արշալույսը, Ժակլինան ու ես կազմեցինք մի պրոյեկտ, բայց ոչ խումբ, ինչպես շատերին է թվում: Որոշեցինք մի որոշ ժամանակ էդպես հանդես գալ, հետո էլ ուզում էինք երգել անհատական: Բոլոր համաշխարհային խմբերն էլ ժամանակի ընթացքում առանձնանում են: Մենք էլ նույնն արեցինք: Աղջիկները երգել էլ չցանկացան: Ամեն մեկն իր ուղին ընտրեց: Ժակլինն ավարտեց պետական համալսարանը, արդեն ամուսնացել է: Արշալույսն էլ ավարտեց, ամեն մեկն իր մասնագիտությամբ է զբաղվում: Ժակլինը դիվանագետ է, Արշալույսը` լեզվաբան: Դեռ երգել չեն ուզում:
Իսկ ես սկսեցի աշխատել հեռուստատեսությունում, դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Եթե մարդը հանրային դեմք է ինքն իրենով, նորմալ եմ համարում, երբ նրան կարող ես տեսնել ե՛ւ այստեղ, ե՛ւ այնտեղ: Իսկ երգից չեմ հրաժարվել, շուտով պատրաստ կլինի իմ տեսահոլովակը: Վերջերս էլ ամուսնացա, բայց դրանից ոչինչ չի փոխվել իմ կյանքում:
-Երբ երեքով հեռացաք «Հայեր» խմբից, խոսակցություններ էին պտտվում, որ ձեր առաջ շատ դռներ են փակվել: Ի՞նչն էր պատճառը:
-Այդպես էին խոսում, որովհետեւ դա իրականություն էր: Նադեժդա Սարգսյանը հենց ինքն էր որոշ հեռուստաընկերություններ նամակ ուղարկում, որ մեզ չցուցադրեն, քանի որ մեզ հետ կապված խնդիրներ ուներ: Նրա պահանջն ազդում էր այն հեռուստաընկերությունների վրա, որոնք կախվածություն ունեին նրանից, իսկ անկախ հեռուստաալիքները մեզ եթեր տալիս էին: Բայց այդ ամենը ժամանակի խնդիր էր, հիմա ամեն ինչ հարթվել է, այդպիսի պատնեշ այլեւս չկա:
-Լուրջ միջադեպի պատճառո՞վ եք բաժանվել:
-Մեծ կոնֆլիկտ չի եղել, բայց բարիդրացիական էլ չստացվեց հեռանալ: Մենք շնորհակալ ենք եղել նրա համար, որ անցել ենք լավ դպրոց: Նաեւ ասել ենք, որ Նադեժդա Սարգսյանի սեփականությունը չենք եւ որ պահին ուզենք, կարող ենք դուրս գալ: Այդպես էլ եղավ: Թե նա որքանով ընտելացավ այդ մտքին, մեզ արդեն չի հետաքրքրում: Հիմա մենք բոլորովին անկախ ու ազատ երգչուհիներ ենք, որ նախագծում ցանկանանք, այնտեղ էլ հանդես կգանք:
-Իսկ ավելի հեշտ չէ՞ր, երբ ունեիք ուժեղ պրոդյուսեր, օգնող, ով ձեր փոխարեն շատ հարցեր էր կարգավորում:
-Գիտեք, էնպես չէր, որ մենք հեղափոխություն արեցինք հեռանալով: Միշտ էլ այդպես է, խմբերը 5 տարուց ավել չեն գոյատեւում: Մենք 8 տարուց ավելի կյանք ենք ունեցել: Մենք` որպես երգչուհիներ, այնքան էինք հասունացել, որ հանգիստ կարող էինք հանդես գալ որպես սոլիստ: Իսկ խմբի անդամ լինելը ճնշում էր մեր անհատականությունը: Խնդիրներ էլ կային, ինչպե՞ս կարող էին չլինել:
-Երբ ձեր առաջ փակվում էին դռներ, հուսահատություն չէ՞ր առաջանում, չէի՞ք մտածում, որ միգուցե շտապեցիք հեռանալ:
-Ո՛չ, երբեք այդպիսի միտք չի առաջացել մեզ մոտ, հենց այն բանի համար, որ մենք երգել գիտենք: Չվախեցանք դժվարություններից: Ո՛չ ես, ո՛չ Ժակլինան, ո՛չ էլ Արշալույսն էությամբ կարիերիստներ չենք, որ տառապենք հեռուստատեսությամբ շատ երեւալու խնդրով:
-Փաստորեն, երգը ոչ թե որպես մասնագիտություն եք ընկալում, այլ որպես հոբի:
-Այո՛, միեւնույն է, ո՛չ շուկա ունենք, ո՛չ առաջ գնալու տեղ: Առաջ գնալն էլ այն է, որ քեզ կանչեն՝ հարսանիք երգես: Դրանից այն կողմ էլ տեղ չեմ տեսնում: Շոու բիզնես չկա, շուկա չկա, առք ու վաճառք չկա: Երբ դու երգում ես, ու մարդ դանակ-պատառաքաղով ուտում է, դա էսթետիկապես արդեն ճիշտ չէ: Մենք «Հայեր» խմբի ժամանակ էլ երգել ենք ժողովրդական երգեր, որոնք ես կարող եմ հիմա էլ երգել, բայց ոչ հարսանիքներին, դա ինձ համար անընդունելի է:
-Ստացվում է այնպես, որ ձեր երգերն այնքան էլ պահանջարկին չեն համապատասխանում:
-Չէի ասի, որ հարսանիքները պահանջարկ են, դա փող աշխատելու տեսակ է: Եթե երգում ես հարսանիքում, չի նշանակում, որ պահանջարկ ունես: Ես հրաժարվում եմ այդ տեղերում երգելուց, բայց վատ բան չեմ տեսնում, որովհետեւ հասկանում եմ, որ եթե շատ մարդիկ չերգեն, պարզապես չեն կարողանա ապրել: Մարդկանց չես կարող մեղադրել, որ իրենց տաղանդով գումար են աշխատում:
-Իսկ «Ճաշակին ընկեր չկա» հաղորդումն ինչո՞ւ փակվեց:
-«Թիվի 5» հեռուստաընկերությունը փակվեց: Կար առաջարկ հաղորդումն ուրիշ հեռուստաընկերություն տեղափոխելու, բայց ես չուզեցի: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
-Վերջերս ամուսնացար, ամուսինդ դեմ չէ՞ երգելուդ:
-Ընդհանրապես դեմ չէ, նույնիսկ օգնում է: Նա էլ ինձ պես փոքրուց զբաղվել է իր մասնագիտությամբ եւ գիտի, թե ինչ է նշանակում տանջվել: Մեր մասնագիտությունները մեզ համար խոչընդոտ չեն: Նախ մեր ընտանիքը, հետո նոր գործը:
-Այս պահին հիմնական աշխատանք ունե՞ս:
-Հիմա ոչ, բայց մոտ ապագայում պատրաստվում եմ նկարել տեսահոլովակ Նիկ Էգիբյանի հետ: Եւ քանի որ ես ու ամուսինս չհասցրինք վայելել մեր մեղրամիսը, նոյեմբերի 25-ից մեկնում ենք հանգստանալու:
«ՈՉ ՄԵԿԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆՔ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ