ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը կգնա ԱԺ, ընդդիմությունը հավաք կանի. ինչ է սպասվում հոկտեմբերի 2-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ շարժումը վերսկսելու է ակտիվ գործունեությունը հոկտեմբերի 2-ին՝ Հանրապետության հրապարակում՝ հանրահավաքով։

Որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ մասնավորապես՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին Սրբազան Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությունները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը որոշել է հավաքը հետաձգել մինչև հոկտեմբեր։

«Այդ օրը հավաքվելով Հանրապետության հրապարակում՝ մտնելու ենք պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ, համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված»,-հայտարարել է նա։

Նշենք, որ այդ օրը՝ հենց հոկտեմբերի 2-ին, նաև խորհրդարան է գալու Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորների հարցերին պատասխանելու։

ArmLur.am-ի հետ զրույցում Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք ներկա են լինելու թե՛ ԱԺ նիստին, թե՛ հավաքին։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ևս ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԱԺ նիստերին նույն ռեժիմով ներկա են լինելու, բայց կոնկրետ կառավարության հետ հարցուպատասխանին չեն մասնակցելու:

Ինչ վերաբերվում է ընդդիմադիր շարժման հանրահավաքին՝ ինչպես միշտ, մասնակցելու են դրան:

Հավելենք՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ֆրակցիան արդեն տեւական ժամանակ է՝ բոյկոտում է կառավարության հետ հարցուպատասխանը:

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանից հետաքրքրվեցինք, հնարավոր է այդ օրը հավաքի մասնակիցները նաև ԱԺ շենքի մոտ գործողություններ իրականացնեն։ Վերջինս, սակայն, նշեց, որ դեռ չեն ցանկանում հավաքի հետ կապված փակագծեր բացել։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս