Այս պահին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է Վազգեն Խաչիկյանի և մյուսների վերաբերյալ վերսկսված դատական քննությունը:
Դատարանը հայտնեց, որ նիստին ներկայացել են 30 վկաներից միայն երեքը:
Ապա Հովհաննես Գրիգորյանի պաշտպանը` Արա Զաքարյանը, հայտնեց, որ Արշակ Վարդանյանը չի կարող նախագահել նիստը, քանի որ Արշակ Վարդանյանը` ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու համար պահանջել էր ավելի քան մեկ մլն դրամ գրավ, սակայն գրավի դեպքում դրված չափը պետք է ելնի ամբաստանյալի ֆինանսական դրությունից և այն երաշխիքից, որ այդ գրավը դնելուց հետո մեղադրյալը չի փախչի քննությունից:
Թե որքանո՞վ է ճիշտ մեղադրյալին կալանքի տակ թողնելը, պետք է քննվի յուրաքանչյուր փուլում: Դատական ակտի չպատճառաբանված լինելը արդար դատական քննության խախտում է: Օրենսդրությունը պետք է վերացնի չպատճառաբանված դատական ակտի սկզբունքները:
Փաստաբանը նշեց նաև, որ դատարանի կողմից վկայակոչված չի որևէ իրական փաստ, ինչից ելնելով ճիշտ կլինի Գրիգորյանին կալանքի տակ թողնել:
Այսպիսով` պաշտպանական կողմը գտել է, որ ոչ պատշաճ գործողությունների թիվը չէին կարող անցնել այն շեմը, ինչը կստիպեր նրան կալանքի տակ թողնել:
Քրեական դատավարության օրենսդրության համաձայն ` պետք է սկսվի դատական գործընթացը սկզբից, քանի որ դատավոր Վարդանյանը նոր է նշանակվել, իսկ փաստաբան Զաքարյանի դիտարկմամբ, պատշաճ քննություն չի կատարվել:
ԱԺ փոխնախագահն անձամբ ճանաչելով պաշտպանյալիս, երաշխավորել է նրա ճիշտ վարքագիծը:
«Դրանից բացի իմ պաշտպանյալը արժանացել է մի շարք գովասանքնրի և շքանշանների: Եթե պաշտպանյալս գրավով չազատվի, այս գրավադրումից հետո կրկին շարունակի կալանքի տակ մնալ, դա կնշանակի, որ պետությունը կկորցնի երկու հարյուր ութսունվեց միլիոն յոթ հարյուր հազար դրամ: Որևէ հիմնավորում, թե ի՞նչ չափանիշներից ելնելով եք որոշել, որ պաշտպանյալս կթաքնվի քննությունից, չեք բերել»,- իր խոսքում նշեց պաշտպանը:
Վերջինս ասաց նաև, որ պետք է բոլոր մեղադրյալներին կալանքի տակ թողնեին կամ էլ բոլորին ազատ արձակեին, բայց դատարանը մի մասին ազատ է արձկել, մյուսին` կալանավորել:
Զաքարյանը նշեց, որ չի կարող գործի մասը քննել մեկ դատավոր, մյուս մասը ` մեկ ուրիշ դատավոր:
«Սույն դատաքնությունը դուք ցանկանում եք իրականացնել օրենքից դուրս և պաշտպանյալիս իրավւնքները խախտելով: Միջնորդում եմ Ձեզ ինքնաբացարկ ներկայացնել»,- ասաց փաստաբանը:
Պաշտպանական կողմը ամբողջովին միացավ միջնորդությանը: Մեղադրող կողմը նշեց, որ պաշտպանի միջնորդությունն անհիմն է և չի բխում օրենքի սահմաններից, և ենթակա է մերժման:
Դատարանն այս պահին խորհրդակցական սենյակում է: