ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում աշխարհի տարբեր երկրների ղեկավարների համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից կազմակերպված ընդունելությանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը հետ է կանչվել։ Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից։
Նշվում է, որ վրացի պաշտոնյաները տեղական լրատվամիջոցներին հայտնել են, որ Կոբախիձեն, որը պետք է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենա սեպտեմբերի 26-ին, նախապես հրավիրված է եղել ընդունելությանը, սակայն ավելի ուշ ամերիկյան կողմը չեղարկել է նրա հրավերը։ Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն մերժել է Կոբախիձեի պատվիրակության հետ բոլոր հանդիպումները։
Ըստ վրացական InterPressNews-ի՝ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ հրավերը չեղարկվել է Վրաստանի կառավարության «հակաժողովրդավարական գործողությունների, ապատեղեկատվության և ԱՄՆ-ի և Արևմուտքի նկատմամբ բացասական հռետորաբանության պատճառով»:
Լրատվամիջոցը մեջբերել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի խոսքերն այն մասին, որ հրավերի չեղարկումն «անլուրջ է»:
Վրաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ երկրում ընդունվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն, ըստ ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ռուսական է։ Օրենքի ընդունման դեմ Վրաստանում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել։